Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա գունեղ ներկայացումների ստվերոտ կողմերը

Դեկտեմբեր 31,2018 13:49

Վարագույրները փոքրիկների համար են բացվում, իսկ մանուկներն ամենամոտն են կանգնած հեքիաթին, ամենից խորը նրանց հոգում են արտացոլվում զգացողությունները և ամենաանկեղծը նրանք են ցուցադրում էմոցիաները: Այս պարզ ճշմարտությունը գիտեն բոլոր ռեժիսորները, դերասաններն ու ընդհանրապես ամանորյա ներկայացում ստեղծող ամբողջ թատերախումբը: Բայց և այնպես «մի բան չբեմադրե՞նք մի երկու կոպեկ աշխատենք» մտածելակերպով սնկի նման աճում են ամանորյա ներկայացումները: Սրանք շատ փոքրիկների դիտած առաջին ներկայացումներն են և թատրոնն իր ապագա հանդիսատեսին է դաստիարակում: Այսօրվա երեխան վաղը կցանկանա՞ թատրոն մտնել, թե՞ ստիպված գնալու է, քանի որ դպրոցում են ստիպում տոմս գնել և ներկայացում դիտել:

Լավ, ասենք թե դպրոցական տարիքում էլ թատրոն «բերման ենթարկվեց» հետո՞… Հետո մեղադրելու ենք երիտասարդին արվեստասեր չլինելու մեջ, անճաշակ ենք անվանելու, բայց արի ու տես, որ երբ այս երիտասարդը մաքուր սպիտակ թուղթ էր ու պետք էր այնտեղ արվեստին բնորոշ ներդաշնակությամբ ու նրբությամբ արտացոլվել, ինչ որ թատերախումբ բեմադրելով վատ ամանորյա ներկայացում նրան օտարացրել ու վանել է թատրոնից: Տարիներն այս մաքուր սպիտակ թուղթը գունավորվել են անճաշակությամբ ու ձևավորել , «ի՞նչ թատրոն է, վեր կաց գնանք PUB» համոզմունքը:

Կարծես թե հեծանիվ չենք հայտնաբերում և ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չկա: Պատճառահետևանքային կապը պարզ է. յուրաքանչյուր թատերախումբ, եթե որոշում է ամանորյա ներկայացում բեմադրել ու ներկայացնել փոքրիկների ամենաազնիվ դատին, պետք է լրջագույնս պատրաստվի և գնահատի իր բռնած գործի լրջությունը: Երբ դերասանն ուժասպառ է և արդեն 7-րդ օրվա 3-րդ ներկայացումն է խաղում պիտի հիշի՝ դահլիճում բազմաթիվ փոքրիկներ հենց այս պահին ծանոթանում են «թատերարվեստի» հետ և առաջին վատ տպավորությունը փոխելը չափազանց դժվար է լինելու:

Քավ լիցի, ես չեմ փնովում բոլոր ամանորյա ներկայացումները, հանդիպում են իսկապես հեքիաթայիններն ու թատրոնի կախարդանքով դյութողները, ես հորդորում եմ ծնողներին տանել իրենց փոքրիկներին թատրոններ: Իսկ թատերախմբերից խնդրում և պահանջում եմ ամանորյա ներկայացման բեմադրության խնդրին լուրջ մոտենալ: Հարգելիներս «գռդոն» անելու սխալ պահ եք ընտրել:

Վանուհի ՍԵԹՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Հոգնել ենք Ուստիաններից ու անբան հուռիներից: Կամ օտար շաբլոն սցենարով բեմադրություններից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31