Գյուղատնտեսությունը նյութական բարիքների արտադրության պատմականորեն առաջին նախասկզբնական ճյուղն է և ըստ էության գյուղատնտեսական արտադրության կազմակերպումով մարդն առաջին վճռական քայլը կատարեց վայրի բնությունից դեպի քաղաքակրթություն՝ /վայրի բույսերի մշակում, վայրի կենդանիների ընտելացում և այլն/: Մարդկության գոյության ողջ ընթացքում գյուղատնտեսությունը եղել և մնում է անփոփոխ և անփոխարինելի` իր տված բարիքների և մարդու ֆիզիկական գոյության ու նրա կյանքում ունեցած կենսական նշանակության առումով:
Եվ պատահական չէ, որ հնուց ի վեր`դեռևս տնտեսագիտության զարգացման նախապատմության շրջանում, տնտեսագիտական-փիլիսոփայական միտքը առավելապես ուղղված է եղել գյուղատնտեսական խնդիրների լուծմանը: Գյուղատնտեսությունը համարվել է տնտեսագիտության հետազոտության առաջնային ուղղությունը և առավելապես արտահայտվել է այնպիսի անտիկ մտածողների աշխատություններում, ինչպիսիք են Արիստոտելը, Պլատոնը և Քսենաֆոնը: Գյուղատնտեսության առաջնայնության գաղափարն արդեն գիտական հիմնավորումներով ներկայացվել է ֆիզիոկրատների կողմից` հանձինս ֆիզիոկրատների ամենակարկառուն ներկայացուցչի` Ֆրանսուա Քենեի, ըստ որի հարստություն ստեղծում են միայն գյուղատնտեսության մեջ ստեղծված արժեքները:
Թեև ֆիզիոկրատներից մինչև այսօր տնտեսագիտական միտքը հսկայական թռիչք է ապրել, այնուամենայնիվ գյուղատնտեսության հիմնահարցերը չեն կորցրել իրենց կարևորությունը,առաջնայնությունը և արդիականությունը: Ագրարային ոլորտը ոչ միայն բիզնեսի ոլորտ է՝ նյութական արտադրության ռազմավարական ճյուղ և երկրի համար ունի ինչպես քաղաքական, սոցիալ-տնտեսական,պարենային անվտանգության, այնպես էլ պատմա-մշակութային, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և պաշտպանական վճռորոշ նշանակություն: Ռուս գիտնական Նիկիտինի կարծիքով . «Գյուղատնտեսությունը դա մշակույթ է, որում անցյալի սովորույթները միահյուսվում են ներկայիս տեխնոլոգիաների հետ»: Իսկ ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Ժակ Ռուսսոն գտնում է, որ «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը դա գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»:
Գյուղատնտեսությունը դարեր շարունակ հանդիսանում է մարդկության բարեկեցության հիմնական աղբյուրը և յուրահատուկ տեղ է զբաղեցնում հասարակական տնտեսական համակարգում: Գյուղատնտեսությունը լինելով ռիսկային և ցածր շահութաբեր ոլորտ, այնուամենայնիվ արդյունավետ կազմակերպման և բարձր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կարող է ապահովել մեծ եկամուտներ: Օրինակ` Հոլանդիան, որի տարածքը ընդամենը 41 հազ. ք/կմ է, այսինքն՝ ընդամենը հավասար Հայաստանի ու Արցախի տարածքներին միասին վերցրած, գյուղօգտագործելի հողերի տարածքով գրավում է աշխարհում 134-րդ,իսկ բնակչության քանակով 69-րդ տեղը, կերակրում է շուրջ 17 միլիոն բնակչություն, արտահանում է 85 միլիարդ եվրոյի գյուղմթերքներ և գյուղմթերքների արտահանման ծավալներով շուրջ 50 տարի աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո: Միայն ագրարային ոլորտի ինտելեկտուալ նվաճումների արտահանումից հասույթը կազմում է 9 միլիարդ եվրո, համարյա այնքան, ինչքան Հայաստանի ՀՆԱ-ն է: Իսկ Իսրայելն ունենալով ընդամենը 20 հազար ք/կմ տարածք , որի 70 տոկոսն անապատ են ու քարեր , սեփական արտադրության գյուղ մթերքներով կերակրում է շուրջ 8.5 միլիոն բնակչության և դեռ արտահանում են մեծ քանակությամբ գյուղմթերքներ աշխարհի տարբեր երկրներ: Գյուղմթերքներով ինքնաբավության մակարդակն Իսրայելում կազմում է 95 տոկոս: Համեմատության համար ասենք, որ Հայաստանում գյուղատնտեսական մթերքներով ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 60-65% : Մինչդեռ մենք աշխարհում այն եզակի երկրներից ենք, որ ունենք երեք ամենակարևոր գործոնները գյուղատնտեսության զարգացման համար՝ երկարատև արև, մաքուր ջրի հարուստ պաշարներ և բերրի հող, սակայն չենք կարողանում կերակրել մեր 2.5-3 միլիոն բնակչությանը սեփական գյուղմթերքներով: Գերմանիայում գյուղատնտեսության ոլորտի մեկ աշխատող կերակրում է 155 մարդու,իսկ Հայաստանում՝4-5 մարդու: Սրանք մեզ կարծում եմ խորհելու լուրջ տեղիք պետք է տան: Ներկայումս, Հայաստանում ագրարային ոլորտի զարգացման դանդաղ տեմպերը պայմանավորված են՝ վարկերի բարձր տոկոսադրույքով և բարձր հարկերով, ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ և աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրսների /հողի, ջրի/ անարդյունավետ օգտագործմամբ,իրացման համակարգի անկատարությամբ, ապահովագրության բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չափերով և տնտեսվարման առաջադիմական ձևերի բացակայությամբ, բարձր տեխնոլոգիաների և ընդհանրապես գիտական նվաճումների դանդաղ ներդրմամբ, աշխատանքի և արտադրության կազմակերպման ցածր մշակույթով, ագրարային կրթության և գիտության վրա կատարվող ներդրումների անբավարարությամբ, տեղեկատվական և խորհրդատվական սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղում շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակարդակով, իրականացվող ծրագրերի ցածր արդյունավետությամբ և այլն:
Այնուամենայնիվ ՀՀ ագրարային ոլորտի ձախողումների պատճառը կարծում ենք առաջին հերթին պայմանավորված է ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությամբ և պետական աջակցության ոչ բավարար մակարդակով: Ոլորտին լուրջ հարված հասցրեցին նաև ռեֆորմի ընթացքում թույլ տրված մարտավարական սխալները, կադրային սխալ նշանակումները ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Արդյունքում, ռեֆորմներից շուրջ 27 տարի անց գյուղատնտեսական շատ ցուցանիշներով զիջում ենք մինչռեֆորմյան տարիների մակարդակը: Շուրջ 150000 հեկտար վարելահող դուրս է եկել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես խոտհարք կամ արոտավայր: Մինչդեռ ագրարային ռեֆորմների միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռեֆորմներից 5-7 տարի անց արձանագրվում են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների շեշտակի աճ: Օրինակ Ստոլիպինյան ագրարային ռեֆորմի արդյունքում , որը իրականացվեց 1906թ.-ին՝ Ռուսաստանում, գյուղատնտեսական մթերքների ապրանքաշրջանառությունը 1913թ. ավելացավ 46%-ով, ՆԷՊ-ի տարիներին ՝ 1921-ից 1928թ.-ը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներն աճեցին 2,1-2,2 անգամ:Չինաստանում 1978թ.-ին սկսված ագրարային ռեֆորմներից վեց տարի անց՝ 1984թ.-ին գյուղատնտեսական մթերքների ծավալներն ավելացան 1,6 անգամ: Այս վերլուծություններն արվում են երեք նպատակով ՝ առաջինը, որ մեր գյուղատնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում և գոյություն ունեն չլուծված բավականին խնդիրներ, երկրորդ,որ մենք ունենք լավագույն պայմաններ և հսկայական չօգտագործված ռեզերվներ գյուղատնտեսության զարգացման համար և ագրարային արտադրության արդյունավետ կազմակերպման ու ագրարային գիտության վրա լուրջ ներդրումներ կատարելու դեպքում մենք կարող ենք ակնկալել գյուղմթերքների ծավալների շեշտակի աճ, երրորդ,որ գյուղատնտեսությունը սոսկ բիզնես չէ ,այլ այն սովորույթ է, պատմամշակութային արժեք, ժողովրդագրական հիմնախնդիր և ազգային անվտանգության ճյուղ: Սրանով ուզում ենք հիմնավորել գյուղատնտեսության ու գյուղնախարարության հսկայական դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ազգային անվտանգության գործում և որ այդ ոլորտին շատ զգույշ և պատասխանատվությամբ պետք է վերաբերվել և ոչ մի պարագայում արդարացված չէ և չի կարելի գյուղնախարարությունը դարձնել որևէ նախարարության կցորդը:
Ասածս հիմնավորված է նաև նրանով, որ Հայաստանում ագրո-արդյունաբերական համակարգին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 20%-ը, այդ թվում ագրարային հատվածին՝ շուրջ 16%-ը: Արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 29%: ՀՀ բնակչության մոտ 36%-ը ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ ագրարային հատվածում զբաղված են ընդհանուր զբաղվածների շուրջ 37%-ը: Իսկ եթե, այնուամենայնիվ, կառավարությունը հակված է որևէ նախարարության հետ գյուղնախարարության միավորմանը,ապա մեր կարծիքով հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարաններն ու գյուղական համայնքներն ավելի մոտ կանգնած լինելով գյուղացիական տնտեսություններին,ավելի լավ են տիրապետում նրանց հիմնախնդիրներին և քանի որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով, իրենց գործառույթների շրջանակներում ավելի շատ են առնչվում գյուղացիական տնտեսությունների հիմնախնդիրների հետ և միաժամանակ հաշվի առնելով գործառույթների մոտ լինելու հանգամանքը, ավելի արդյունավետ և նպատակահարմար կլինի միավորել գյուղ և տարածքային կառավարման նախարարությունները: Դա հիմնավորվում է նաև նրանով, որ ըստ էության մարզպետարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են գյուղօգտագործելի հողերի նկատմամբ վերահսկողություն,տնօրինում և վարձակալությամբ են հանձնում պետական պահուստային հողերը, հավաքագրում են հողի հարկ գյուղացիական տնտեսություններից և այլ գյուղատնտեսական կազմակերպություններից, տարբեր հացերով համագործակցում են գյուղնախարարության հետ,համակարգում են գյուղացիական տնտեսություններին տրվող օգնությունները, իրականացնում են գյուղական տարածաշրջանների զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչը ենթադրում է նաև ագրարային տնտեսության և ենթակառուցվածքի զարգացում և այլն:
Արագ արդյունքներ արձանագրելու համար միանգամայն արդարացված և ողջունելի են կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և շատ կարևոր է նոր Հայաստանում հանրային կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացումը: Գաղտնիք չէ, որ պետության հեղինակությունը, կառավարության հաջողությունները և երկրի առաջընթացը գլխավորապես պայմանավորված են հանրային կառավարման արդյունավետ համակարգով և կառավարման կադրերով: Հայաստանում պետական կառավարման համակարգը բարեփոխումների լուրջ կարիք ունի, ինչը պայմանավորված է համակարգի անկատարությամբ, առկա արատավոր երևույթներով և երկրում կուտակված բազմաթիվ ու բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ և արագ լուծման անհրաժեշտությամբ: Բարձր արդյունքներ ապահովելու նպատակով սակայն հանրային կառավարման համակարգի բարեփոխումներին պետք է ցուցաբերել համալիր և համակարգված մոտեցում, ինչը մեր կարծիքով ենթադրում է՝
-ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում,
-կառավարության և մարզպետարանների արդյունավետ կազմի և կառուցվածքի սահմանում,
-կառավարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և լիազորությունների վերանայում՝ օպտիմալ վերաբաշխում և դրանց հստակ սահմանազատում,
-հանրային կառավարման համակարգի պաշտոնատար անձանց պատասխանատվության գործուն մեխանիզմների ձևավորում,
-կառավարման ինստիտուների և պաշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակում և ընդունում,
-անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ
-կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով շատ կարևոր է նաև պետական պաշտոնյաների սոցիալական պաշտպանվածության արդյունավետ համակարգի ձևավորումը,
-պետական կառավարման ապարատի գործունեության արդյունավետության բարձրացման կարևոր միջոց է հանդիսանում՝ կադրերի ընտրության և առաջխաղացման գործում մրցակցության,թափանցիկության, հրապարակայնության և հասարակական վերահսկողության ապահովումը,
– քաղաքական/իշխանական/ ընտրանու ձևավորումը և պետական ու քաղաքացիական այնպիսի ծառայողների նշանակումը, որոնց համար հանրային/պետական/ շահը առաջնային են և որոնք կտիրապետեն մասնագիտական գիտելիքների, կլինեն արհեստավարժ,կունենան անհրաժեշտ փորձառություն, օժտված կլինեն կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով և իշխանական լիազորությունները արդյունավետ կօգտագործեն հանրության խնդիրները լուծելու համար:Նրանք ոչ միայն պետք է անցնեն կուսակցական դպրոց ,այլ պետք է պատրաստվեն պետական ծառայողների ուսումնական հաստատություններում,
-օրենքով սահմանել պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների և ավագանու անդամների նկատմամբ կրթական,մասնագիտական ու բարոյական առավել խիստ պահանջներ: Այդ կապակցությամբ 19-րդ դարի ճանաչված անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքական գործիչ և տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլը ասել է. «Պետության արժանապատվությունը վերջին հաշվով, կախված է այն ձևավորող անհատների արժանապատվությունից»:
– կադրերի պատրաստումը և վերապատրաստումը ինչպես Հայաստանում այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներում և այլն,
Երկրի կառավարման համակարգի բարեփոխումները լինելով արդարացված ռազմավարական տեսանկյունից, այնուամենայնիվ դրանք ուղեկցվում են մարտավարական վրիպումներով: Հաշվի առնելով հարցի կարևորությունը երկրի համար,պետք չէ հանդես բերել շտապողականություն: Իմ կարծիքով այդ նպատակով անհրաժեշտ էր ծավալել հանրային քննարկումներ ներգրավելով ինչպես հասարակության լայն զանգվածներին, այնպես էլ գիտական շրջանակներին:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ
Քսենաֆոն չէ, ՔՍԵՆՈՓՈՆ (առնուազն 2400 տարի): Քիչ մը գիրք կարդացէք,,