Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյանն արձագանքում է Հայկ Մարությանի պնդմանը, թե «մետրոյի տուրնիկետը» ներառված չէր. «Աշխատանքային խումբը ունեցել է բացառապես ցանցը, վճարման համակարգը դեռ չի քննարկել»

Դեկտեմբեր 30,2018 16:08

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ավագանու վերջին՝ դեկտեմբերի 25-ի նիստում արեց հայտարարություն, թե նոր տրանսպորտային ցանցի նախագծում մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնվել, թերի են եղել, ինչպես օրինակ՝ «մետրոյի տուրնիկետը» ներառված չի եղել տոմսային համակարգում: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որն ընդգրկված է եղել տրանսպորտային ցանցի մշակման աշխատանքային խմբում, Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ աշխատանքային խումբը քննարկել է բացառապես ցանցը. «Երբ ավագանիներին ասում էր, բա ինչի՞ չեք այդ հարցերը բարձրացրել, պետք է, պարզապես, նայեր, թե աշխատանքային խումբն ուր էր հասել: Աշխատանքային խումբն ունեցել է, բացառապես ցանցը, ինչի մասին քաղաքապետը կարծես թե տեղեկություն չունի: Աշխատանքային խումբը, անգամ վճարման համակարգը՝ թե ինչպիսին պետք է լինի, չի քննարկել, որովհետեւ, կար շրջանառվող մի քանի տարբերակ»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով, անգամ շարժակազմին ներկայացված պահանջները չեն հասցրել քննարկել. «Երբ որ որոշում էինք պետք է քննարկել շարժակազմին ներկայացվող պահանջները, ես ասացի՝ եկեք այս հարցում չշտապենք: Եկեք սկսենք ունենալ նվազագույնը, որը բավարար է, որպես ստարտայինի, եւ, հասկանալով, թե պետությունն ինչեր է տալիս դրա դիմաց, հասկանանք՝ չափորոշիչներն ավելացնենք թե ոչ: Որովհետեւ ամեն լրացուցիչ չափորոշիչ, որն ապահովում է որակ, ազդում է նաեւ գնի վրա, ծախս է: Օրինակ՝ կար չափորոշիչ, որ ամեն մեքենայի նստատեղ ունենա իր լիցքավորման համար նախատեսված բնիկ, հեռախոսի կամ այլնի համար, շատ լավ բան է, բայց պետք է հասկանանք սրա դիմաց ի՞նչ ենք վճարելու եւ սա տոմսի արժեքի վրա ինչքանո՞վ է ազդելու: Եթե հասկանայինք շատ է ազդելու, կարող էինք այս չափորոշիչից հրաժարվել եւ աշխարհը սրանից չէր ավիրվի: Բայց մենք սրան դեռ չէինք հասել»:

Հայկ Մարությանի այն պնդումը, թե տարբերակներ չեն եղել, ըստ Բաբկեն Պիպոյանի, իրականությանը չի համապատասխանում. «Քննարկվել է կանգառո՞վ վճարում թե՝ ժամով վճարում: Դա արդեն երկու տարբերակ է: Անգամ այս հարցն ենք ունեցել օրակարգում»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով քաղաքապետ Մարությանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա չունի տեղեկություններ, թե ինչ աշխատանք է կատարվել եւ ինչպես է կատարվել. «Այսինքն՝ տեղեկությունն ամբողջական չէ: Քաղաքապետարանը միշտ աշխատել է խորհրդատուի հետ, հետո ինչ-որ պահից սկսած, երբ իրենք ներքին կոնսենսուս են ունեցել, բերել են արդեն այդ քննարկվածը քննարկելու աշխատանքային խմբի հետ»:

Պարոն Պիպոյանը էական հակասություններ է տեսնում Հայկ Մարությանի երկու հայտարարությունների մեջ. «Առաջին անգամ, երբ քաղաքապետը խոսում էր տրանսպորտի ցանցի ներդրման հետաձգման մասին, ասաց, որ հաշվի անելով, որ բազայինը 2014 թվականի ուսումնասիրություններն են, փորձել են ճշտել: Երբ ասուլիսի ընթացքում ես ասացի, որ սա արդեն ճշտված է եւ պետք է կարդալ հաշվետվությունները, եղավ պարզաբանում, որ մենք ուզում ենք ճշտել 2017-ի վրա փոփոխություն եղել է թե՝ ոչ: Սա էլ ավելի անտրամաբանական եւ անհեթեթ պարզաբանում էր, որովհետեւ նույն տրամաբանությամբ, մինչեւ 2019 թվականը, այսինքն` 2019-ից երկու տարի հետո շատ ավելի շատ ժամանակ է անցնում, քան՝ 2017-ից մինչեւ այսօր: Այդ նույն տրամաբանությամբ, եկեք երկու տարի հետո ուսումնասիրենք՝ այդ ժամանակ ինչպիսի՞ն է վիճակը»:

Հայկ Մարությանի՝ նույն ավագանու նիստում արված այն հայտարարության առնչությամբ, թե, չի բացառվում, որ միջազգային խորհրդատուն վատ աշխատած լինի, եւ այդ հարցերը ներկայումս ճշգրտման փուլում են, Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ որպես աշխատանքային խմբի անդամ, ինքը եւս պատրաստվում է, խորհրդատուին հարցում անել:

Նրա խոսքով, ներկայումս քաղաքային նոր իշխանությունները, կարծես թե, ոչ թափանցիկ գործունեություն են սկսում ծավալել. «Որովհետեւ ժամանակին ամեն նոր բանը, երբ որոշվում էր, անպայման դրվում էր հանրային քննարկման եւ այդ հանրային քննարկումը աշխատանքային խումբն էր, որից հետո տեղադրվում էր կայքում եւ հանրությունը կարող էր քննարկել: Իսկ այս պահին իրենք անցել են չափորոշիչների նոր էտապ, որն անում են ինքնուրույն: Ակնհայտ է, որ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից շատ ավելի թույլ գործ են անում, քան՝ նախկինում էր: Ազնվության, արդյունավետության տեսանկյունից, այո, կարող է գերազանցում են, դա ոչ ոք չի քննարկում, բայց, ակնհայտ է, որ փորձի, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից զիջում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Երբ ավագանիներին ասում էր …»

    Պիպոյեանին թւում է, թէ ‘աւագանին’ մարդ է, հետեւաբար Աւագանու անդամներն էլ կոչւում են ‘աւագանիներ’ 🙂

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31