Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի շահը: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկել որպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի զինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարար կարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բոլորիս մաղթում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության, մեր երկրի բարգավաճման և առաջընթացի տարի»:
Զինվորականների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորեց տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի շարունակականությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շրջայց կատարեց զորամասում՝ ծանոթանալով ծառայության պայմաններին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն