Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Խորհրդարանի ղեկավարը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գեւորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է նաեւ զինվորներին տեսակցող ծնողների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող բուժծառայությունների որակի, անձնակազմի հոգատարության եւ հիվանդանոցային պայմանների համար: Որպես բժիշկ-վիրաբույժ՝ Արա Բաբլոյանն իր հերթին ընդգծել է, որ զինվորներին մատուցվող բուժծառայության որակը մշտապես պետության ուշադրության առանցքում է եւ ուրախությամբ փաստել, որ այդ առումով դրական փոփոխություններն ակնհայտ են:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն