Անկեղծորեն զարմացած եմ իմ հարգարժան գործընկեր Մեսրոպ Մովսեսյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցից: Կարծում էի՝ մեր 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անպատասխան հարցեր չէին մնացել, և պարոն Մովսեսյանի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ:
Այնուամենայնիվ հարկ եմ համարում նշել, որ.
1. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
2. «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը:
3. «Արմնյուզ»-ն ունի ֆինանսական առողջացման նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնց հաջող իրականացման ընթացքում համագործակցությունն այլ հեռուստաարտադրողների հետ ամենևին չի բացառվում:
Հրաչյա ՔԵՇԻՇՅԱՆ
«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն
Հ. Գ. Այս պարզաբանումից հետո «Առավոտի» հավելյալ ճշտմանը, թե այնուամենայնիվ «Ա1+»-ի հետ պայմանագիրը դադարեցվա՞ծ է, թե՞ ոչ՝ Հրաչյա Քեշիշյանը պատասխանեց. «Այո, ցավոք սրտի, ելնելով 2019 թվականի «Արմնյուզ» հեռուստաընկերության եկամտային կանխատեսումներից, ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել մեր համագործակցությունը «Ա1+» հեռուստաընկերության հետ: Այս պահին մեր եկամուտները թույլ չեն տալիս հեռուստատեսային կոնտենտ պատվիրելու այլ ընկերությունների»: