Մեզանում ինչ-որ բան խախտվել է անվերադարձ, և ես շատ երկար ժամանակ չէի կարողանում կռահել, թե մեր աններդաշնակ կյանքի մեջ ի՞նչն է այդքան զորավոր և ի՞նչն է, որ մեզանից մեր հարմարավետությունը խլելու զորությունն ունի: Այնինչ պարզ էր պատասխանը, քանզի հանճարեղը հենց պարզն է:
… Եվ մտաբերեցի ես հեռավոր այն առավոտը, երբ հայրս ինձ տարել էր ձկնորսության։
Քնել էինք վրանում՝ վաղվա արևագալը դիմավորելու որոշումով։
Հետո ես տեսա, այո՛, տեսա, թե ինչ հանճարեղ էր լյառն ի վար գլորվող մշուշը, բողբոջ բացող կյանքի ուժն ու արածող հորթուկի լուսաբացը։ Հորթուկի աչքերում անմեղություն և կատարյալ անտեղյակություն կար։
Կարդացեք նաև
– Կարո՞ղ ես ձեռք բարձրացնել այս կենդանու վրա,- հարցրեց հայրս՝ փորձող հայացքն ինձանից չհեռացնելով։
– Ինչի՞ մասին ես խոսում, հայրիկ,- զարմացա ես։
– Ուզում եմ, որ ճանաչե՛ս կյանքը,- պատասխանեց հայրս։- Նայի՛ր այս հորթուկին։ Այդ մե՛նք գիտենք, որ դանակի լավ սրված շեղբը վաղը հատելու է նրա ձայնալարերն ու այս գարնան սարերը այլևս չեն կրկնապատկելու գոյության արձագանքը։ Այս գիտակցությամբ ձևավորված մեր հայացքը հանում է հորթուկին լյառն ի վար գլորվող մշուշից ու ընդունում է նրան իբրև սպանդանոցից դուրս բերվող միս։ Ահա՛ թե ինչ ենք տեսնում մենք՝ մերձավոր սիրելու մեր ճիգերում անգամ։
Ահա թե ովքե՛ր ենք մենք։
… Մենք հպարտ հայրենիք ենք երազել երբևէ բոլո՛ր ժամանակներում և չենք կարողացել հավատալ կամ պատկերացնել, թե այլ հայրենիք ենք ունենալու կամ մեկ այլ հայրենիք ենք թողնելու մեր զավակներին՝ իբրև վերջին ու ամենաթանկ ժառանգություն: Սակայն ամեն օր, և կամ Աստծո ամեն օրվա հետ, մեզանում վստահելի մարդիկ կտրում են մեր վստահության հացը, որից թափվում են խեղճության, անպատվաբերության, ամոթի, խաբված լինելու և կամ՝ նվաստացման փշրանքներ: Եվ մենք, ամեն օր, և կամ Աստծո ամեն օրվա հետ, մեր հայրենիքի հպարտությունն ենք խցկում խեղճության, անպատվաբերության, ամոթի, խաբված լինելու և կամ նվաստացման մեջ՝ ինքնասպանության պես ընդունելով ներկա իրականությունն ու ինքնասպանվողի պես սարսափելով ապառնի իրականությունից:
Սև մարգարեություն:
Ինչ-որ բան խախտվել է անվերադարձ, քանզի մանկատուն է դառնում այն հայրենիքը, որից հպարտությունն են խլում, իսկ անապակ ջրով ոռոգվող հողը վերադարձնում է աղ:
Ամենադժվար մահը սկսվում է հպարտությունը կորցնելուց հետո:
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ