Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։
Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի դերը տարածաշրջանի կայունության պահպանման գործում և համոզմունք հայտնել, որ սերտ փոխգործակցությունը այսուհետ ևս ամուր և արգասաբեր կլինի։
Նույն օրը Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի առօրյա ծառայությանը, ուսումնական գործընթացին, զինտեխնիկայի պահպանման և զորանոցային պայմաններին։ Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։
ՀՀ պաշտպանության նախարարություն