ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց տեղեկություններով, բողոքը վերաքննիչում դեռ վարույթ չի ընդունվել:
Գեւորգյանի պաշտպանական կողմը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի. «Իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, խոսքը 190-րդ հոդվածի մասին է, իսկ դատարանը սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքների վերաբերյալ արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ ՀՀ ՔՕ 190 հոդվածով թեեւ արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել էր, որ հիմքեր առկա չեն կալանավորելու»:
Էրիկ Ալեքսանյանի խոսքով, իրենք Վերաքննիչ դատարանից խնդրել են օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով հիմնավոր կասկածի բացակայությունը:
Խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքի գործով էլ պարոն Ալեքսանյանն ասաց՝ դեռեւս որեւէ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի կատարվել, վկաները տվել են ցուցմունքներ, իսկ վկաները Արմեն Գեւորգյանի աշխատանքային ոլորտից չեն: Այլ մանրամասներ պաշտպանը չհայտնեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ