Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունում չկա որեւէ մեկը, որը ունակ լինի հրապարակային բանավեճի. Դավիթ Շահնազարյան

Դեկտեմբեր 29,2018 18:30

Դավիթ Շահնազարյանը իշխանություններին 2019 թվականին մաղթում է՝ ազնվություն, բարոյականություն, մտածելու ունակություն եւ գիտելիքներ

Դեկտեմբերի 28-ին «5-րդ ալիքի» եթերում «Հայլուրի» թողարկման «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն էր, որն անդրադարձավ Փաշինյան-Պուտին հանդիպմանը, հայ-ռուսական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ ՌԴ նախագահը նշեց, որ բազմաթիվ հարցեր կան քննարկելու: «Դատելով Փաշինյանի երեկոյան ֆեյսբուքյան ելույթից՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր նա մեկնել Մոսկվա, եթե գազի հարցը չեն քննարկել, այսինքն, թողել են, որ «Գազպրոմի» հետ քննարկվի, ԼՂ-ի հարց չեն քննարկել, ՀԱՊԿ-ի հարցը չեն քննարկել: Ստացվում է Փաշինյանը մեկնել էր, որպեսզի Պուտինը նրան շնորհավորի՞… Համոզված եմ, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել, ինչը Փաշինյանը գաղտնի է պահում հանրությունից: Այդ այցը որեւէ դրական բան չի ավելացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, եւ այդ հարաբերություններում եղած բոլոր խնդիրներն առնվազն պահպանվել են, եթե չասենք՝ ավելացել են»:

Շահնազարյանը նշեց, որ այսօրվա իշխանությունում չկա որեւէ մեկը, որը ունակ լինի հրապարակային բանավեճի, քննարկման այնպիսի հարցերի շուրջ՝ ինչպիսիք են անվտանգության հարցերն են, արտաքին քաղաքականության հարցերն են, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է. «Աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ օրեցօր փոխվում է, օրեցօր նորանոր խնդիրներ են ստեղծում: Օրինակ՝ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ զորքերը Սիրիայից հանում է, դա ազդո՞ւմ է մեր անվտանգության վրա, թե՞ չի ազդում: Ընդհանրապես, ներկայիս իշխանությունները նման հարցերի մասին մտածո՞ւմ են: Նրանք կարո՞ղ են ասել ինչ վտանգներ կան, ի՞նչ սպառնալիքներ կան եւ ի՞նչ մարտահրավերներ կան Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար: Ես վստահ չեմ, որ նրանք կարող են այս երեք կատեգորիաներն իրարից տարանջատել, դասակարգել»:

Շահնազարյանը հավելեց, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը չունի հայեցակարգ, չունի նպատակներ, իսկ այն, ինչ ղարաբաղյան հարցում է կատարվում՝ արդեն առնվազն վախեցնող է: Շահնազարյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները մտածված Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումն էր պատճառը, նախ՝ այդպես չէր կարելի վարվել: Բացի այդ, Խաչատուրովը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է, սակայն նրա նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Ուրեմն, ստացվում է, նպատակը եղել է ոչ թե Խաչատուրովը, այլ՝ ՀԱՊԿ-ում այդ պաշտոնը կորցնելը: Բոլոր հիմքերը կան այս կանխավարկածի»:

Անդրադառնալով 2019 թվականի մարտահրավերներին եւ դրանց դիմագրավելու հարցում Հայաստանի քայլերին՝ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է օր առաջ ազատվել այս իշխանությունից, որը իշխանության է կարգվել ամբոխի կողմից, ոչ թե քաղաքացիների: Ես իշխանություններին Նոր տարում ցանկանում եմ մաղթել՝ ազնվություն, բարոյականություն, մտածելու ունակություն եւ գիտելիքներ: Մնացած ամեն ինչ իրենք ունեն»:

Մանրամասները՝ Ararat TV-ի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31