Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւն այսօր իշխանությունները դարձրել են «տարածքներ՝ անվտանգության դիմաց». Դավիթ Շահնազարյան

Դեկտեմբեր 29,2018 17:00

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ղարաբաղյան բանակցությունները «սկսվել են զրոյական կետից, այն, ինչ երազում էր Ադրբեջանը»

Դեկտեմբերի 28-ին «5-րդ ալիքի» եթերում «Հայլուրի» թողարկման «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին, մատնանշեց Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը՝ «մինչեւ հիմա չի բանակցել»:

«Ուրեմն, տեղյակ եմ պահում նրան. Պարոն Փաշինյան, դուք Արցախի հարցով բանակցում եք մայիսի 8-ից, այն պահից, երբ դուք դարձաք վարչապետ: Երկրորդ՝ արտգործնախարարության խոսնակը, երբ վերջերս արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, հակադարձեց՝ չպետք է խանգարել բանակցային գործընթացին, նշելով՝ «զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը»: Այսինքն, ընդունեցին, որ ակտիվ բանակցային պրոցես է գնում: Դա ի՞նչ բանակցային պրոցես է… Դրանք լրիվ նոր՝ զրոյից բանակցություններ են, այն, ինչ երազում էր Ադրբեջանը:

Առաջինը՝ չկան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը: Սա կորսված է: Երկրորդը՝ կորսված է զինադադարի հիմքը՝ 1994-1995թթ. եռակողմ փաստաթղթերը եւս կորսված են, եւ դրա փոխարեն համանախագահների հայտարարությամբ զինադադարի հիմք են ընդունվում Դուշանբեի վերելակային բանակցությունները: Այսինքն, այն ինչ եղել է սկսած 1992 թվականից՝ դա հիմա չկա, կա՝ վերելակային բանակցություն: Երրորդը՝  չկան միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն՝ ինքնորոշման իրավունք: Դա էլ արդեն գոյություն չունի:

Ընդհանրապես, սկսվել է ամբողջապես Ադրբեջանի դիրքորոշման հունով ընթացող զրոյական գործընթաց: Իշխանությունները մինչեւ հիմա չեն ասում, թե ինչ բանաձեւով են բանակցում: Ես կարող եմ ասել ինչ բանաձեւով են բանակցում: Նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ բանաձեւը հետեւյալն է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», հիմա բանակցություններն ընթանում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց»: Սա է էապես փոխվել: Եվ երբ ներկայիս իշխանությունները ասում են՝ կարգավիճակ, անվտանգություն եւ այդ երկու հասկացություններն իրարից տարանջատում են, սա նշանակում է՝ սկզբից կլինեն անվտանգության ինչ-որ երաշխիքներ, դրանից հետո մի օր էլ կխոսենք կարգավիճակի մասին: Իսկ երբ ասում ես՝ միայն կարգավիճակ, ինչը շեշտում էին նախկին իշխանությունները, դրա բաղադրիչներից մեկն արդեն անվտանգությունն էր», պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը:

Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի լավատեսությունը, երբ ասում են, թե 2019 թվականը ԼՂ խնդրի համար բեկումնային կարող է դառնալ: Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանը հիմքեր ունի նման տեսակետ ունենալու: Նրա  կարծիքով, եթե աշխարհաքաղաքական մեծ ցնցումներ չլինեն՝ կարող է բեկում արձանագրվել:

«Կրկնում եմ, ղարաբաղյան բանակցությունները սկսվել են զրոյական կետից: Մի ապացույց էլ բերեմ, որ նախկին բանակցությունների սկզբունքներն այսօր չկան: Հիշեք, թե Ադրբեջանը նախկինում որքան հաճախ էր հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձեւերը: Իհարկե, մշտապես Ադրբեջանը սխալ էր դրանք մեջբերում, այնտեղ պահանջներից միայն մեկն էր շեշտում: Ադրբեջանի իշխանությունները հիմա նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին չեն խոսում, որովհետեւ սկսվել է զրոյական գործընթաց, որը ձեռնտու է Ադրբեջանին: Ինձ հայտնի է նաեւ, թե ինչ ընդհանուր գծերով են ընթանում այսօր ղարաբաղյան բանակցությունները, մեր արտգործնախարարությունը տանում է այդպիսի բանակցություններ եւ զրո հրապարակայնություն: Նախկինում մենք գիտեինք Հայաստանի օրակարգը, գիտեինք՝ Հայաստանի դիրքորոշումը, հիմա մենք ոչինչ չգիտենք: Մենք առավելագույնը տեղեկատվություն ենք ստանում Ադրբեջանից, մյուս երկրների պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաեւ տարբեր երկրների իշխանություններին մոտ կանգնած փորձագետներից», նշեց Դավիթ Շահնազարյանը:

Իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է կողմ դառնա ղարաբաղյան բանակցային գործընթացին: «Բայց նրանք գաղափար չունեն, թե դա ինչպես պետք է անել, դա հայտարարություններով չի արվում: Ասում են՝ դա մեր օրակարգում է, մեր օրակարգում են նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ձեր օրակարգը միայն ձեր սեղանին է, դրանք չկան բանակցային սեղանի օրակարգում», հակադարձեց Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ Դուշանբեի հանդիպումից հետո հայտարարված օպերատիվ կապի ստեղծմանը եւ հայտարարություններին, թե այսօր սահմաններում հարաբերական անդորր է՝ Դ.Շահնազարյանը նկատեց. «Այդ հարաբերական անդորրն Ադրբեջանն արդեն օգտագործել է Նախիջեւանի սահմանին մի քանի հազար հեկտարի վրա վերահսկողություն հաստատելով: Մեր դիրքերը մնացել են նույն տեղում, նրանց դիրքերն առաջ են եկել: Երկրորդ՝ Ադրբեջանը Դուշանբեի այդ հրադադարն օգտագործել է, որպեսզի Արցախ-Ադրբեջան շփման գծում նոր ամրություններ տեղադրի, մեծ արագությամբ կատարվում են այդ աշխատանքները: Այդ ամրությունները՝ բլուրներն ունեն հարձակողական բնույթ»:

Այս առիթով Փաշինյանի հակադարձել էր, թե Նախիջեւանում այդ բլուրների 95 տոկոսը եղել է մինչեւ իր իշխանությունը: Դավիթ Շահնազարյանը հակադարձեց. «Դա, ոչ դիվանագիտորեն ասեմ՝ սուտ է, լավագույն դեպքում՝ 5/95 հարաբերակցությունը կա: Ո՛չ, դրանց առնվազն 95 տոկոսը իրականացվել է այս իշխանության օրոք, ինչի մասին մի շարք անհեթեթ հայտարարություններով հանդես է եկել պաշտպանության նախարարությունը»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտարարեց. «Կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք թույլատրել ենք հակառակորդի առաջ գալը, Ադրբեջանին թույլատրել ենք մի քանի հազար հեկտար վերահսկողություն սահմանելը, իսկ Դուշանբեի հրադադարի արդյունքում՝ բոլոր այդ դիրքերն ապահովվել են ինֆրակառուցվածքներով, ճանապարհներով»: Ըստ Շահնազարյանի՝ սա է Դուշանբեի հանդիպման եւ համաձայնությունների գինը եւ ամենահետաքրքիրն այն է, ըստ նրա, որ այս հարցերի քննարկման վրա վետո է դրված. «Չեն քննարկում ո՛չ իշխանության մաս հանդիսացող հասարակական կազմակերպությունները, ո՛չ իշխանության մաս դարձած փորձագետները»:

Մանրամասները՝ Ararat TV-ի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31