Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները դժգոհում են էժան գնով վաճառվող բանանի քաշից

Դեկտեմբեր 29,2018 15:59

Արդեն տեւական ժամանակ է ինչ Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի երկայնքով իրականացվում է բացօթյա առեւտուր: Եթե նախկինում այդտեղ գործունեություն էին ծավալում մի քանի քաղաքացիներ, այսօր արդեն տասնյակ քաղաքացիներ զբաղվում են առեւտրով: Միրգ, բանջարեղեն, այս օրերին նաեւ տոնական զարդեր վաճառող քաղաքացիներն իրենց առեւտուրն իրականացնում են քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում:

Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Մովսիսյանն ասում է, որ խնդիրը վաղուց է, այժմ քաղաքապետարանը փորձում է դրան լուծում տալ.«Շատ վաղուց դրա հետ կապված մենք մեծ խնդիր ենք ունեցել: Նախատեսված վայրերում, որ իրենք պետք է գործունեություն ծավալեն, գումարի չափը 2000-3000 դրամ է, իսկ Տիգրան Մեծը որպես տնտեսապես շահույթ բերող պողոտա, ցանկանում են, որպեսզի առք  ու վաճառքն իրականացնեն հենց այդտեղ: Իսկ այդ տարածքներում Ա/Ձ-ները եւ իրավաբանական անձիք, ովքեր որ կարող են զբաղվել բացօթյա առեւտրով  նրանք գանձվում են: Իսկ մյուսները՝ ոչ: Օրենքով այդտեղ առեւտուր անել չի թույլատրվում, ուղղակի, որ ժողովուրդն այս վիճակում է գտնվում, չենք կարողանում մերժենք: Հիմա նախագիծ ունենք ստեղծած եւ դրա հիման վրա հունվարի աշխատանքային օրվանից սկսված արգելվելու են Տիգրան Մեծ պողոտայի վրա միրգ, բանջարեղենի առեւտուրը: Եվ ոչ սահմանված վայրերում բացօթյա առեւտրի սպասարկումը»:

Վանաձորցի Աննա Գասպարյանը, որը նույնպես անթույլատրելի է համարում բացօթյա առեւտուրը, դժգոհում է: Նրա խոսքով՝ այդտեղ սնունդը վաճառվում է ոչ միայն ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, այլ նաեւ թերակշռումով. «Շատ տհաճ է այն, որ քաղաքում փողոցային առեւտուր է իրականացվում, որը հատկապես սննդի առեւտուր է: Մարդիկ այդտեղով քայլում են, եւ այդ ամբողջ փոշին ու կեղտը լցվում է սննդի վրա: Եթե տարիներ առաջ խիստ վերահսկողություն կար փողոցային առեւտրի նկատմամբ, նույնիսկ տույժ ու տուգանքներ էին կիրառում, ապա վերջին շրջանում դա լրիվ բարձիթողի վիճակում է: Փորձի համար այդտեղից բանան եմ գնել, եւ 1 կգ ու կես բանանի դիմաց ինձ տվել էին ընդամենը 900 գրամ բանան: Միտումնավոր եմ գնել, որպեսզի բերեմ տանը կշռեմ ու ստուգեմ, արդյո՞ք, որ մի փոքր էժան գին են դնում, ինչքանով է դա արդարացված: Փաստորեն սպասելիքներս լրիվ արդարացան՝ 600 գրամ թերակշռում: Այդ մասին անգամ ֆեյսբուքում գրառում կատարեցի, բայց որեւէ արձագանք ու հետեւողականություն այդ առումով չի ցուցաբերվել: Այսինքն` շարունակվում է, իսկ մարդիկ խաբվածի կարգավիճակով գնումներ են իրականացնում»:

Նշված տարածքում վաճառվող բանանի թերակշռումից դժգոհում է նաեւ Մարգարիտա Կիրակոսյանը. «499 դրամով բանան եմ գնել, եւ 700 գրամ խաբվել եմ: Տանը կշռեցի, մտածելով, որ մի 200 գրամ կլինի, բայց փաստորեն բավականին շատ էր: Նույն տղան նույն տեղում, երբեք չի կանգնում: Հաջորդ օրը որոշեցի, որ պետք է գնամ եւ ասեմ, բայց այդ տղան այլեւս այդտեղ չէր: Ինչ վերաբերվում է ընդհանրապես փողոցային առեւտրին, կարծում եմ, եթե շուկայի ներսում մարդկանց տարածք տրամադրեն, հնարավորություն տան, որ իրենց ապրանքը թեկուզ հնարավորինս էժան իրացնեն տեղի վարձը մատչելի տան: Որ փողոցից որոշակի չափով կտրվեն: Մեկ էլ տեսնում ես ձկնեղեն են վաճառում: Դու անցնում ես այդ ձկնեղենի կողքով նախ հոտը հաճելի չէ, երկրորդն էլ՝ փողոցից ձուկ առնելը մի քիչ էլ վտանգավոր է: Թաղամասեր էլ կան, որ մսի առեւտուր են անում: Որը նույնպես փողոցային առեւտուր է, եւ չես կարող ասել, թե վերջում ինչ կլինի»:

Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ով պետք է վերահսկի թերակշռումները, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ իրենք վերահսկողություն չունեն. «Եղել են դեպքեր, որ թերակշռումների համար մեզ էլ են բողոքել: Մեր աշխատակիցների կողմից իրենք խիստ զգուշացում են ստացել, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքեր չլինեն: Բայց մենք լիազորություն չունենք, որպեսզի կարողանանք վերահսկենք: Հավանաբար կլինի ինչ-որ կոմիտե, որը կզբաղվի վերահսկողությամբ»:

Իսկ թե ո՞վ պետք է վերահսկի, որպեսզի գնորդները չխաբվեն համեմատաբար էժան եւ ապրանքներ գնելիս, դեռեւս պարզ չէ: Մնում է միայն գնումներ կատարել քիչ թե շատ վստահելի խանութներից:

Տաթեւիկ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31