Եվրասիական Զարգացման Բանկը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վարկային պայմանագիր են ստորագրել ընթացիկ վարկային պարտավորությունները վերաֆինանսավորելու և ՀԷՑ–ի ընթացիկ գործառնական գործունեությունը ֆինանսավորելու վերաբերյալ:
ԵԶԲ-ի 1-ին ծրագրային բլոկի ղեկավար Վսեվոլոդ Սմակովը նշեց. «Մենք որպես զարգացման բանկ ուրախ ենք, որ կարող ենք մասնակցել նման նախագծերին: Այսօր մենք ստորագրել ենք 20 մլն դոլարի պայամանագիր: Սա մեր համագործակցության առաջին փուլն է: Մենք կշարունակենք համագործակցությունը եկող տարի մեր համատեղ ծրագիրը հեցի էֆեկտիվության բարձրացման, ցանցում էլեկտրաներգիայի կորուստների նվազեցման, Հայաստանի տնտեսական արդյունավետության բարձրացման համար»:
Պայմանագրի համաձայն Բանկը կտրամադրի վերականգնվող վարկային գիծ՝ ընթացիկ վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման համար: Վերականգնվող վարկային գծի տրամադրմանը զուգահեռ Բանկը բանակցում է ՀԷՑ-ի և զարգացման այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ 2019թ. երկարաժամկետ վարկային ֆինանսական փաթեթ կազմակերպելու համար, որով կֆինանսավորվի ՀԷՑ-ի՝ մինչև 2027թ. նախատեսված ներդրումային ծրագիրը:
ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց. «Մեր գործող քաղաքականությունը բոլոր միջազգային կառույցների կողմից գնահատվում է որպես կայունության երաշխիք: Սակագնային քաղաքականության կայունությունն է մեր գործընկերներին երաշխավորել, մեզ տրամադրել վարկային գիծ»:
Ծրագիրը նախատեսում է էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի արդիականացում, հաշվառման համակարգերի ավտոմատացում, մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարձրացում: Վերջնական նպատակն էլ էլեկտրաէներգիայի անխափան փոխանցումն ու բաշխումն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀԷՑ մամուլի հաղորդագրություն