Լրահոս
Օրվա լրահոսը

Երթուղիների տնօրեններն առաջարկում են նոր ավտոբուսներ ներկրելու փոխարեն թանկացնել ուղեւորափոխադրման գինը

Դեկտեմբեր 29,2018 15:19

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Երեւանում տրանսպորտի բարեփոխումների խորհրդատվական ծրագիրը, որ կազմել են անգլիացի մասնագետները, 99 տոկոսով պատրաստ է, եւ եթե այսօրվա քաղաքապետարանը ցանկանում է այն ավարտին հասցնել, կարելի է շատ արագ աշխատանքային խմբերին հավաքել ու հունվար-փետրվարին գործն ավարտել: «Մի առաջարկ ունեմ մեր շատ սիրելի նոր քաղաքապետին. մեզ էլ հրավիրեք, մենք ձեզ ասելու բան շատ ունենք»:

Փոխադրող, թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանն ասաց, որ քաղաքապետարանին պետք է լինելու շուրջ $ 100 միլիոն ներդնել: Երթուղիների տնօրենները ամսական մուծում են $ 14-16 միլիոն: Քաղաքապետարանը կարողանալո՞ւ է այդքան երթուղիներն աշխատեցնել: «Ոչ պահեստամասեր ունեն, ոչ դրսից բերած ավտոբուսների մեխանիկ, սպասարկող կազմ, ոչ էլ ավտոպարկ: Ինչո՞վ են աշխատացնելու: Այդ ծրագրում դրա մասին գրվա՞ծ է: Ռուսաստանում 200 հազար հայ վարորդ է աշխատում, իսկ մեր ամեն մի երթուղում 5-6 գազել պակաս է վարորդ չլինելու պատճառով: Գազելների վարորդներին հարցրել են՝ ավտոբուսն է հարմար, թե Գազելը, բոլորը պատասխանել են, թե ավտոբուս չեն վարի: Իմ երթուղում մեքենաների նոր թարմացում եմ անելու, բայց վարորդ չկա: Քաղաքապետարանն այդ խնդիրը ինչպե՞ս է լուծելու: Քաղաքապետարանի նախկին ղեկավարները մեզ հորդորում էին նոր ավտոբուսներ բերել: Մեր ընկերներից մեկը տարիներ առաջ բանկից $ 100 միլիոն վարկ է վերցրել ու բերել է: Բայց մինչեւ այսօր բանկի գումարը չի վճարել: Հիմա էլ ասում են՝ դրանք չպետք է լինեն: Հիմա ինչ, դրանք շպրտե՞նք»:

Երթուղիների տնօրեններից մեկն էլ՝ Արայիկ Վահրադյանը, ասաց. «Համաձայն եմ, որ առաջարկված ծրագիրը լավն է: Բայց մինչ այդ քաղաքաշինական աշխատանքներ պետք է կատարել: Մեր փողոցները մեծ ավտոբուսներին հարմար չեն: Այլ խնդիրներ էլ կան, որոնք դժվարացնում են երթուղիների շահագործման արդյունավետ կազմակերպելը: Անցած տարի նոր մեքենայի մեկ տարվա ապահովագրումը 52 հազար դրամ էր, այս տարի դարձրել են 119 հազար դրամ: Քանի որ մեր ձեռնարկությունները վնասով են աշխատում, չենք կարողանալու ԱՊՊԱ անել: Հետեւաբար, կամ պետք է չշահագործենք, կամ պետք է շահագործենք առանց ԱՊՊԱ-ի»:

Հրանտ Եղիազարյանը ճշտեց, որ այդ պատճառով արդեն 38 երթուղի փակվել է:

Հանդիպմանը ներկա մյուս երթուղիների տնօրենները գտնում են, որ Երեւանում եղած մեքենաներով հնարավոր է բարեփոխել ուղեւորափոխադրումների որակը: Ըստ նրանց միակ տարբերակը ուղեւորափոխադրման գնի թանկացումն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31