Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես 2018-ը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 29,2018 14:37

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Պետական կառավարման համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

Հիմնական հարցը, որ ծագում է 2018-2019 սահմանագծին՝ հետևյալն է. արդյոք կարող ենք անել այն, ինչի մասին խոսում ենք: Այս հարցն, իհարկե, ունի մեկ պատասխան, այն դրական է, բայց այդ պատասխանին զուգահեռ գոյություն ունեն պայմաններ: Այո, կարող ենք, եթե մենք կարողանանք հավատալ մեր ուժին, իսկ որպեսզի կարողանանք հավատալ մեր ուժին՝ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հավատալ մեր առաքելությանը: Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը, որովհետև այն ձևակերպված է մեր ժողովրդի անցյալի և ապագայի նկատմամբ ունեցած հավատի և վստահության վրա:

Այդ առաքելությունը ձևակերպված է այն ընկալման վրա, որ չի կարող ժողովուրդը, որն անցել է հազարամյա աղետների միջով, պարտվել, որովհետև եթե այն լիներ պարտվող ժողովուրդ, ապա այդ պարտությունը վաղուց հասած պիտի լիներ: Հետևաբար, հայ ժողովուրդը հաղթող է և հայ ժողովուրդը 2018 թվականին դա ապացուցեց:

Մենք պետք է հասկանանք, որ բոլոր այն խնդիրները, առաջադրանքները, որոնք  ձևակերպում ենք՝ մեզ առաջադրում է մեր ժողովուրդը: Դրանք բոլորը լուծելի են և մենք պարտավոր ենք լուծել այդ խնդիրները այն հենքի վրա, որ բոլորս պետք է արձանագրենք և հասկանանք՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է այստեղ և այստեղ (խմբ. ուղեղում և սրտում): Եթե մենք կարողանանք հետևել այս բանաձևին՝  միանշանակ մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծենք:

Եվ անցած 8 ամիսներն ապացուցել են, որ ունենք բավարար կամք, բավարար հետևողականություն, բավարար ուժ, ժողովրդական բավարար աջակցություն և բավարար հետևողականություն այդ խնդիրները լուծելու համար:

Ես ցանկանում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և ուզում եմ շնորհավորել համատեղ աշխատանքի համար: Ճիշտ է, չեմ կարող ասել, որ մենք արել ենք այն ամենը, ինչ կցանկանայինք արդեն հասցրած լինել, բայց ես նաև չեմ կարող չասել, որ այդ ընթացքում մենք արել ենք ամենակարևորը՝ ապացուցել ենք, որ ի վիճակի ենք լուծել մեր առջև դրված խնդիրները, անկախ նրանից, թե այդ խնդիրների լուծումը ում որքան է հավանական թվում:

Շնորհավորում եմ բոլորիս 2018 և 2019 թվականների կապակցությամբ: Համոզված եմ, որ ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ, շատ ավելի ընդգրկուն և շատ ավելի ռազմավարական հաղթանակներ: Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքների Նոր տարին, բոլոր գերատեսչությունների աշխատողների Նոր տարին և մաղթում եմ մեզ հաջողություններ՝ աշխատանքում ու անձնական կյանքում: Շնորհակալ եմ»:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել