Այսօր ուժի մեջ մտավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարության ստորաբաժանումների ուժեղացված ռեժիմով աշխատանքի վերաբերյալ հրամանը:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ապահովված կլինի շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումների ուժերի և միջոցների մշտական պատրաստությունը:
Շուրջօրյա հերթապահության անխափան իրականացման վերահսկման նպատակով ստորաբաժանումներում ղեկավար կազմից նշանակվել են յուրաքանչյուր օրվա պատասխանատուներ: Կարգապահության պահպանման, ծառայության պատշաճ կազմակերպման նպատակով օրական առնվազն մեկ անգամ կկազմակերպվեն հատուկ ստուգայցեր ստորաբաժանումների տեղակայման վայրեր, միջոցներ կձեռնարկվեն ի հայտ եկած խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Ուժեղացվել է հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարության կողմից կանոնակարգվել է արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում ենթակա ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձանց դեպքի վայր մեկնելու և համապատասխան գործառույթներ իրականացնելու հատուկ գործընթացը:
Տոնական օրերին առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների նախարարություն