Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ իր ֆեյսբուքյան էջում արած գրառման առիթով ուշ երեկոյան հրավիրած մամուլի ասուլիսում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Դավիթ Սանասարյանին մեղադրեց վարչապետի լիազորություններն իրեն վերագրելու մեջ:
«Վերահսկողական ծառայության պետը այսօր նշել է, որ ինքը արդյունքներն ուղարկել է դատախազություն: Սա Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպիտ խախտում է, որովհետեւ նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ: Միայն վարչապետն իրավունք ունի ստուգման արդյունքներն իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնել եւ ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն: Մինչդեռ, այս պարոնը իրեն վերապահել է ոչնչով չարդարացված եւ օրենքով չնախատեսված վարչապետի գործառույթներ», – ասաց Արամ Սիմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ