Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտոր. «ՊՎԾ իրականացրած ստուգումների ամբողջ ընթացքում մենք հասկացանք, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ»

Դեկտեմբեր 29,2018 00:57

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ գրառում էր կատարել, որում նշել էր, որ ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տեւած ուսումնասիրության արդյունքում, ըստ իրենց նախնական գնահատականի, հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 միլիոն դրամի վնաս, եւ ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն:

Այդ առիթով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել:

«Այս ասուլիսի առիթը դարձավ իմ կարդացած լուրը: Իր ֆեյսբուքյան էջում Պետական վերահսկողական ծառայության պետը նշել է ստուգումների արդյունքում 800 մլն. դրամի չարաշահումների մասին: Այդ կապակցությամբ ուզում եմ հայտարարել հետեւյալը: Արդեն հինգ ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, նախատիպը չունեցող ստուգումներ: Ուզում եմ ձեզ ներկայացնել հուլիսի 7-ով թվագրված այդ ստուգումներն սկսելու վերաբերյալ հանձնարարագիրը: Այնուհետեւ երկրորդ գրությամբ, որը թվագրված է հոկտեմբերի 1-ով, երկարացվել է ստուգումների ժամկետը: Եվ երրորդը՝ նոյեմբերի 30-ին դարձյալ երկարաձգվել է մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը: Այսինքն` վեց ամսվա ստուգումներ է նախատեսված այն դեպքում, երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Դա իմանալով՝ ծառայության պետը այսօր իր հայտարարության մեջ նշում է՝ երկու ամսվա ստուգումների ընթացքում, որը չի համապատասխանում իրականությանը: Այսինքն, այստեղ խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը:

Օգոստոս ամսին, երբ համալսարանի կոլեկտիվը մեկնել էր արձակուրդ, նրանք մեզնից կրիչներով ստացան այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել էին: Մենք տրամադրել էինք այդ փաստաթղթերի բոլոր պատճեները: Եվ նրանք, չլինելով այստեղ, շարունակում էին այդ ստուգումներն իրականացնել նաեւ արձակուրդների ժամանակ: Այսինքն` նրանք առայսօր հինգ ամիս իրականացրել են ստուգումներ: Այդ ստուգումներն առաջին գրությամբ նախատեսված են եղել մինչեւ սեպտեմբերի 27-ը: Այսպիսով, վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: Եվ այդ խախտումներից հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված, նրա ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ՝ բացարձակ չհիմնավորված, խոսելով 800 մլն. դրամի չարաշահումների մասին: Մինչդեռ, ՊՎԾ մասին օրենքի դրույթը ասում է. «Ծառայության աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելիությունը եւ առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները, բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի»: Այսինքն` դատախազությունը կամ քննչական մարմինները իրավական գնահատական են տալիս եւ թույլատրում են դա անել: Այնուհետեւ,  «Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման եւ պահպանման հարցում եւ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է  ՀՀ օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի գործունեության նպատակների իրականացման վրա»: Այսինքն, այս կետն էլ է կոպտորեն խախտվել, որովհետեւ ծառայության աշխատակիցները պարտավոր են իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել այն սուբյեկտին, որի գործունեությունը ստուգել են եւ այդ ակտը ներկայացնելուց հետո, նրա բացատրությունը ստանալուց հետո միայն կարող են օգտագործել հրապարակման համար: Ես այսօր, օրվա երկրորդ կեսին, ժամը չորսի կողմերն եմ ստացել պաշտոնական այս ակտը, որը մուտք է արվել մեր ընդհանուր բաժին: Այստեղ տրված են ուսումնասիրությունների արդյունքները, բացատրությունները, որոնց մեծագույն մասի հետ մենք, բնականաբար, համաձայն չենք: Որովհետեւ դրանց մեծ մասը դեկլարատիվ, ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ իրականության հետ: Եվ եթե նույնիսկ այս դեպքում մենք գումարում ենք այն բոլորը, ինչի շուրջ նրանք ունեն մտահոգություններ, շեշտում եմ՝ մտահոգություններ, այդ մտահոգությունների գումարը մի փոքր ավել է, քան 500 միլիոնը:

Երբ այսօր ես ծանոթացա այս փաստաթղթին, ինձ համար պարզ դարձավ այն, ինչ մենք գիտեինք մինչ այդ: Համալսարանի ղեկավարությունը փորձել է պատշաճ մակարդակով իրականացնել համագործակցությունը, պրոֆեսիոնալ եւ էթիկայի սահմաններում օգնել նրանց, տրամադրել պահանջված բոլոր փաստաթղթերը եւ չխոչընդոտել: Եվ պիտի անկեղծ ասեմ, որ այդ ծառայության ներկայացուցիչներից 18 հոգի հինգ ամիս աշխատել են այստեղ, բայց փաստաթուղթը կազմել է մեկ հոգի՝ իրենց ղեկավարը: Դա նույնպես օրենքի խախտում է: Այդ ընթացում մեզ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները, այն հիմնարկը՝ թե ինչ գործառույթներ ունի եւ ինչպես պետք է այդ տեղեկատվությունն ուսումնասիրել», – հայտարարեց  ԵՊՀ ռեկտորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31