Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ ծանր բանակցություններ են եղել»

Դեկտեմբեր 29,2018 14:30

Արմեն Վարդանյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Հինգշաբթի Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո «Առավոտի» հետ զրույցում նշեց` քանի որ բացի արարողակարգային տեղեկություններից որևէ այլ մանրամասներ չեն հաղորդվում, մի տեսակ տեղեկատվական վակուումում ենք հայտնվել: Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ  Նիկոլ Փաշինյանը ծանր բանակցություններ է ունեցել, եթե հաշվի առնենք, որ նախօրեին Լուկաշենկոն էր չորս ժամ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ և որևէ լուրջ հաջողության չի հասել կարծես թե: Արմեն Վարդանյանը մանրամասնեց. «Պարզ է, որ բարդ բանակցություններ են եղել. Ռուսաստանի տնտեսական վիճակն էլ վատ է, բայց ԵՏՄ անդամ երկրները նոր պահանջներ են դնում Ռուսաստանի առաջ: Խոսքը վերաբերում է  էժան գազին: Բացի դրանից, կարծում եմ՝ շատ ծանր խոսակցություն է եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով: Ակնհայտ է, որ  բոլոր անդամ երկրները, բացառությամբ ՀՀ-ի, արդեն հակված են և տվել են իրենց համաձայնությունը Ստանիսլավ Զասին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: ՌԴ-ն էլ է այդ երկրների մեջ, և Պուտինի կողմից ճնշումներ կլինեն Նիկոլ Փաշինյանի վրա»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանին երկու տարբերակ է մնում. կա՛մ նա շարունակի վետո դնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, տորպեդահարի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, որ էլի մի քանի ամիս ձգձգվի, կա՛մ պետք է նահանջի՝ համաձայնելով Բելառուսի թեկնածուին, բայց  դրա դիմաց որևէ զիջում ստանա Ռուսաստանից կամ Բելառուսից: Արմեն Վարդանյանը չգիտի՝ որ տարբերակը կընտրի Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում է, որ այս հարցով նրա վրա ճնշումներ եղել են:

Դառնալով գազի գնի շուրջ եղած բանակցություններին՝ Արմեն Վարդանյանն ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի գազի գինը նույն գնի պայմաններում պահել՝ 155 դոլար, դա արդեն լավ արդյունք կլինի: Իրականում դա լավ գին է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը եվրոպական  երկրներին շատ ավելի թանկ է վաճառում: Այստեղ ամբողջ խնդիրը կապված է ներսում գազի գնագոյացման, «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի հետ: Գիտենք, որ սահմանին մեկ այլ գին է, ներսում երկու անգամ թանկանում է սպառողների համար: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի այս հանդիպումից հետո 155 դոլարը պահպանել, դա լավ արդյունք կլինի Հայաստանի համար: Պետք է երկրի ներսում մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մանրամասն ստուգի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը և հասնի նրան, որ գազի գինն էժանանա սպառողների համար»:

Հարցին՝ այս հանդիպումից հետո սպասե՞լ Արցախի հարցով շոշափելի արդյունքներ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Մոտ ժամանակներս՝ ոչ: Ակնհայտ է, որ մասնավորապես Արևմուտքում և ՌԴ-ում կան սպասելիքներ Փաշինյանից, բայց ԼՂ հարցով առայժմ էական փոփոխություններ սպասել պետք չէ»:

Մեր դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում ունի լեգիտիմություն և ՀՀ քաղաքացիների աջակցությունը, հետևաբար սա օգնե՞լ է Փաշինյանին Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այդքան էլ չի օգնի, քանի որ այնպես չէ, որ ՌԴ-ն կարող է ՀՀ-ում որևէ ուժի միջոցով ճնշումներ գործադրել Փաշինյանի վրա: Դա կարող է անել գազի միջոցով: Ինչպես միշտ, ՌԴ դեպքում դա եղել է լծակ այլ  երկրների վրա ճնշում գործադրելու համար: Այո, Նիկոլ Փաշինյանը մեծ լեգիտիմություն ունի ՀՀ ներսում, բայց դրսում գազի գնի բանակցություններում դա որևէ կերպ նրան չի օգնի: ՌԴ-ն նախկինում, եթե ՀՀ իշխանությունների վրա ճնշում էր գործադրում, գիտեր, որ նրանք լեգիտիմ չեն, և այստեղ կան ուժեր, որոնք կարող են հեղափոխություն անել և տապալել իշխանություններին, և նրանց վրա էին հիմնվում: Այժմ այդ գործոնը չկա: Փաշինյանը լեգիտիմության ահռելի պաշար ունի, վստահության մեծ քվե է ստացել, և այդ կերպ նրա վրա ճնշումներ չեն գործադրի: Բայց գազի գնի միջոցով կարող են ճնշումներ գործադրել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31