Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը իմիջի վերակառուցման փուլում է. փորձում է դիրքավորվել «կառուցողական դաշտում»

Դեկտեմբեր 29,2018 14:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Եթե փորձենք ամփոփել անցնող տարին` ի՞նչ արեցինք 2018-ին Արցախի եւ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ի՞նչը չկարողացանք ավարտին հասցնել:

– Անվտանգության բարձրացմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումները միանգամից մի քանի հարթություն են ենթադրում: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները արտաքին վտանգի ակտիվացման առումով բազմաթիվ ռիսկեր էին պարունակում, սակայն հայկական զինուժն այդ պատասխանատու պահին իր առաքելությունը կատարեց բավականին բարձր մակարդակով` զսպելով, կանխելով հակառակորդի հնարավոր սադրանքները:

2019 թվականը և առհասարակ առաջիկա տարիները մեզանից պահանջում են վերագնահատել անվտանգության ուղղությամբ այս տարիներին իրականացված աշխատանքները, ճշգրիտ վերլուծել մեր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները, խորքային ուսումնասիրել առաջիկա տարիների մեր զարգացման իրական հնարավորությունները, սահմանել առաջնահերթությունները և ավելացնել անվտանգության բարձրացմանն ուղղված ֆինանսական հոսքերը:

Այս ուղղությամբ աշխատանքները երբեք չեն ավարտվում, դադար վերցնելն անթույլատրելի է, ուղղակի եղած ռեսուրսների պայմաններում պետք է գտնել ճշգրիտ ճանապարհները:

– Համանախագահներն արդեն իրենց հայտարարություններում չեն հիշատակում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, այժմ օրակարգային է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ վերելակային համաձայնությունը: Նախկին պայմանավորվածություններն արդեն կարելի՞ է անցած էտապ համարել: Դրանց անտեսումը, թեկուզ նոր՝ դեռեւս պահպանվող պայմանավորվածությունների համատեքստում, մեզ կորուստով չի՞ սպառնում, քանզի թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններում հստակ ամրագրված էին սահմանի դիտարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք հստակություն էին մտցնելու «ո՞վ առաջինը կրակեց» մշտապես վիճելի հարցում:

– Բանակցություններն, ըստ էության, դեռ չեն վերսկսվել, եղել են տարբեր բնույթի հանդիպումներ, որոնք առավելապես ճանաչողական բնույթի են եղել: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո միայն առաջիկա հունվարին իշխանության ձևավորումը վերջնական կավարտվի, և այդ ժամանակ արդեն որոշակի հարցեր կհստակեցվեն:

Հայաստանի վարչապետն իր հայտարարություններում ներկայացրել է թեմայի հետ կապված իր հիմնական սկզբունքները, իսկ թե ո՞ր ճանապարհով ենք գնալու, ի՞նչ փաստաթղթի շուրջ (միգուցե նոր փաստաթղթի), վստահության ստեղծման ի՞նչ մեխանիզմներ են ընդունելի՝ դեռ ամբողջապես պարզ չէ: Համենայնդեպս, Արցախի հետ այդ թեմայով քննարկումներ դեռ չեն եղել:

– Շատերի համար մի փոքր տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը խստորեն պահպանում է սահմանային լարվածությունը թուլացնելու մասին վերելակային պայմանավորվածությունը. սա հանդարտություն է փոթորկից առա՞ջ, ի՞նչ նպատակներ է, Ձեր կարծիքով, հետապնդում ադրբեջանական կողմը:

– Նախկինում էլ համապետական ընտրությունների փուլում, այսպես կոչված, չգրված օրենքներ են գործել: Իհարկե, չեմ ցանկանում թերագնահատել ՀՀ վարչապետի՝ այս թեմայով ունեցած պայմանավորվածությունը, որի մանրամասներից տեղյակ չեմ: Սակայն, ամեն դեպքում, Ադրբեջանը հենց այնպես այդպես չէր վարվի. պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ի՞նչ շահ է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման նվազման հարցում: Այս ժամանակն Ադրբեջանը, օրինակ, օգտագործեց սահմանագծին նոր ենթակառուցվածքների շինարարության, իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է մաքրել ագրեսորի կերպարը, որն առավել ընդգծվեց ապրիլյան մարտական գործողությունները սանձազերծելուց հետո: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը իմիջի վերակառուցման փուլում է և փորձում է դիրքավորվել «կառուցողական դաշտում»:

– Ադրբեջանից վերջին շրջանում «լավատեսական» հայտարարություններ են հնչում. Մամեդյարովն ասաց, որ հայաստանցի գործընկերոջ հետ փոխըմբռնում կա: ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանեց` խոսքը բանակցությունների շարունակականությունն ապահովելու մասին է: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Արցախի հարցում նոր բան չկա: Օրերս Մամեդյարովը հայտարարեց նաեւ, որ 2019-ին հարցի լուծումներ են հնարավոր, եւ վերահաստատեց ադրբեջանական հայտնի մոտեցումը` Արցախին լիարժեք ինքնավարություն տալու մասով: Ձեր կարծիքով՝ բանակցային ինչ-որ գործընթաց կա՞ այս պահին, սեղանին նորից հին տարբերակնե՞րն են, թե՞ նոր առաջարկների շուրջ է աշխատանք գնում:

– Ադրբեջանի ԱԳ նախարարը, իսկ դրանից մեկ օր հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նույնատիպ հայտարարություն անելով հաստատեցին մեր վատատեսական կանխատեսումն առ այն, որ իրականում Ադրբեջանում ոչինչ չի փոխվի, իսկ այդ «լավատեսական» նոտաները, ինչպես նշել եմ, իմիջային խնդիրներ են լուծում:

Ավելին, ես կարծում եմ, որ վերջին ամիսներին Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն՝ հետագայում սահմանին ակտիվանալը բացատրելով այն հանգամանքով, որ ամեն ինչ արել է վստահության և հանդուրժողականության դաշտ ստեղծելու համար, իսկ «հայկական կողմը այդպես էլ պատրաստակամություն չի հայտնել»:

Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանելով՝ առանձնապես ժամանակ չեմ ծախսի, վերջին 3 տասնամյակում նույնաբովանդակ անհեթեթություններ շատ ենք լսել:

– Հայկական կողմը պնդում է Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու իր դիրքորոշումը: Դա Ադրբեջանին պարտադրելու ի՞նչ հնարավորություն եք տեսնում:

– Հայկական կողմը բազմիցս հայտարարել է իր հիմնական նպատակներից մեկի մասին, որի ճանապարհը բնականաբար չափից ավելի բարդ է լինելու, սակայն պետք է նաև հասկանալ, որ առանց դրա անհնար է հասնել հարցի հանգուցալուծմանը: Կարծում եմ՝ սա գիտակցում են նաև միջնորդ երկրները:

– 2016-ի ապրիլյան պատերազմից հետո խոսվեց ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Հետո անգամ հայտարարվեց, որ համաձայնագիրը պատրաստ է, պարզապես հայկական իշխանությունները սպասում էին դրա ստորագրման ավելի հարմար պահի: Չե՞ք կարծում, որ հայկական պետությունների անվտանգության ամրապնդման համար այդ համաձայնագրի ստորագրման պահը վաղուց հասունացել է: Պե՞տք է ՀՀ նոր իշխանությունն իր այդ մոտեցմամբ տարբերվի նախորդից:

– Եթե չեմ սխալվում, այդ փաստաթղթի հետ կապված հարցերը Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների քննարկման տիրույթում են, և այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, այնպես որ՝ չէի ցանկանա առաջ ընկնել իրադարձություններից:

– Աստիճանաբար Արցախը մտնում է նախընտրական փուլ. 2020 թվականին միաժամանակյա նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Դրանով պայմանավորված՝ ներքին զարգացումները կարո՞ղ են արտաքին վտանգների մեծացման խթան լինել:

– Դե, նման փուլերում աշխուժությունն առավել մեծ է լինում, սակայն չեմ կարծում, թե դրանք այնքան վտանգավոր բնույթ կկրեն, որ արտաքին վտանգների մեծացման խթան կհանդիսանան:

Իհարկե, չեմ բացառում, որ այս կամ այն ուժերի կողմից փորձեր կլինեն անկայունություն հրահրելու ուղղությամբ, բայց պետք է գիտակցեն, որ Արցախի հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձր է, մարդիկ խորապես գիտակցում են իրավիճակի լրջությունը, և նրանց այդպիսի հարցերում մոլորության մեջ գցելը անհնար է:

– Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի՝ Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է պետական սահմանապահ ծառայության ուժերով։ Սա ի՞նչ նպատակով է արվում:

– Նախ ասեմ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը բավականին լավ սպառազինված է, և նրա ենթակայության ներքո խոշոր կրակային միջոցներ կան:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Տավուշի այդ հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն կրող բրիգադը կտեղափոխի սահմանագծի մեկ այլ ուղղություն: Դեռ պարզ չէ, թե ինչ ձևով կօգտագործվի. միգուցե որպես ռեզերվ, միգուցե մեկ այլ ուղղություն ուժեղացնեն՝ համալրման միջոցով:

– Նախիջեւանի շրջանում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, ըստ մասնագետների, ավելի խոցելի է դարձրել Հայաստանի անվտանգությունը: Ի՞նչ ռիսկեր է դա իր մեջ պարունակում:

– Նախիջևանի ակտիվացմամբ Ադրբեջանը երրորդ ճակատի դիրքավորման հարցն է լուծում, ինչը բավականին վտանգավոր է: Որոշակի նրբերանգներ կան, որոնք կոնֆիդենցիալության առումով չէի ցանկանա դետալացնել, սակայն կարծում եմ՝ ՀՀ անվտանգությունն ապահովող կառույցները տիրապետում են բոլոր ռիսկերին և հնարավոր վտանգների դեպքում համաչափ գործողություններ կիրականացնեն:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ օրաթերթ» 

28.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31