Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Աղոթքի 3 բաղադրիչներից մեկը, որի մասին հիշեցնում է Քրիստոսը, բայց մոռանում են մարդիկ

Դեկտեմբեր 29,2018 13:30

Երբ Տեր Հիսուսը գնում էր Երուսաղեմ, մի գյուղի միջով անցնելիս նրան հանդիպեցին 10 բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, քանի որ օրենքն իրենց արգելում էր առողջներին մոտենալ, ու բարձր ձայնով կանչեցին թե՝ «Հիսուս Վարդապետ, ողորմիր մեզ»: Տերը նրանց ասաց, թե գնացեք ու ձեզ ցույց տվեք քահանայապետներին, որովհետև բժշկվելուց հետո բորոտներն այդպես պետք է վարվեին, որպեսզի քահանայապետները նրանց մաքուր հայտարարեին: Երբ գնում էին, տեսան, որ մաքրվեցին իրենց բորոտությունից: Նրանցից մեկը ետ դարձավ Տեր Հիսուսի մոտ, բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի մոտ ու շնորհակալություն էր հայտնում Աստծուն:

Տեր Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն, իսկ այդ ինն ուր են, որ չվերադարձան փառք տալու Աստծուն»: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Ղուկասի Ավետարանի 17-րդ գլխում:

Մենք շատ հաճախ մոռանում ենք Աստծուն շնորհակալություն հայտնել իր բարիքների համար: Դրա փոխարեն մենք ավելի շատ տրտնջում ու բողոքում ենք, թե այս չունենք, այն չունենք ու թե ինչու ենք նեղություններ կրում:

Ես այս բանին անդրադարձա անձնական օրինակով: Անցյալ 2 ամիսներին երեխաներիս գնահատականները լավ չէին դպրոցում: Փորձում էին, բայց երբեմն ցածր գնահատականներ էին գալիս: Իրենք սկսեցին աղոթել ու Տեր Հիսուսին խնդրել, որ օգնի ավելի աշխատասեր լինեն ու ավելի լավ սովորեն, ու մեկ էլ հասկանան, թե ինչն են սխալ անում սովորելիս: Մեկ էլ տեսանք աստիճանաբար գնահատականները լավացան ու հասել են մի այնպիսի աստիճանի, որ նախկինում երբեք չի եղել: 2 օր առաջ անդրադարձանք, թե երեխեք հիշո՞ւմ եք, որ Տեր Հիսուսին ձեր տխրության մեջ խնդրում էիք, որ օգնի: Ահա և օգնեց: Իսկ դուք գիտակցաբար շնորհակալություն հայտնե՞լ եք:

Այնքան հեշտ է մոռանալ Աստծուն շնորհակալություն հայտնել իր նվերների համար: Երբեմն ուրախության մեջ մենք մոռանում ենք փառք տալ Աստծուն ու գիտակցաբար շնորհակալություն հայտնենք: Իսկ տեսնո՞ւմ եք, Տեր Հիսուսն ասում է, որ դա անչափ կարևոր բաղադրիչ է Աստուծո հետ մեր հարաբերության մեջ: Եթե շնորհակալություն հայտնելն այդքան կարևոր բաղադրիչ է մարդկային հարաբերությունները պահելու մեջ, ապա որքան առավել՝ Աստուծո հետ մեր հարաբերությունները պահելու մեջ:

Այ, Աստծուն ամեն ինչի համար շնորհակալություն հայտնելը աղոթքի 3 բաղադրիչներից մեկն է, գրում են եկեղեցու հայրերը: Երբ աղոթում եք, աղոթքը պետք է լինի ուշադրությամբ, զղջմամբ և Աստուծո նկատմամբ երախտագիտությամբ: Ու այս պատմության մեջ Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, թե որքան կարևոր է շնորհակալ լինել Աստծուն ամեն ինչի համար, թե ուրախության, թե տխրության մեջ, թե լենության, թե նեղության համար: Որովհետև մեզ հետ ինչ-որ կատարվում է, մեր օգուտի համար է, եթե մենք սիրում ենք Աստծուն, գրում է Պողոս առաքյալը:

Միայն թե չմոռանանք ամեն ինչի համար Աստծուն շնոհակալ լինել: Գոնե սկսեք ուտելուց: Երբ ուտես ու հագենաս, օրհնիր քո Տեր Աստծուն (Բ Օրինաց, 8:10): Չմոռանանք այս բաները: Ամեն անգամ, երբ սեղանից վեր կենաք, անպայման ասեք՝ «փառք քեզ, Տեր Աստված, շնորհակալություն այս ուտելիքի համար»: Ու այդպես սովորեցրեք ձեր երեխաներին ու թոռներին, տնեցիներին ու բարեկամներին:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31