Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ կյանքի սպասելիս

Դեկտեմբեր 29,2018 12:30

Արդեն 2 տարի է, ինչ 12-ամյա Էդմոնդը չի հաճախում դպրոց: Նա ունի հաշմանդամություն և ստիպված է կրթություն ստանալ տանը: Հիմնական պատճառը կապված է տեղաշարժման բարդությունների հետ:

«2 տարի առաջ Էդմոնդը հաճախում էր Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոց: Այն բավականին հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց: Սակայն մեր բնակարանային պայմաններից ելնելով՝ հիմա երեխաս ստիպված է տնային ուսուցում ստանալ, քանի որ օր օրի նրա քաշը ավելանում է և անհնար է դառնում նրան գրկած 3 հարկ իջեցնելն ու բարձրացնելը»,- ասում է Էդմոնդի մայրը՝ տիկին Մարիամը:

Ըստ  բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տվյալների՝ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով հաշվառված է 193.432 հաշմանդամություն ունեցող անձ: Էդմոնդը հաշմանդամություն ունեցող այս հազարավոր անձանցից է, ում տեղաշարժվելու իրավունքները սահմանափակված են: ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով պետք է ապահովվի ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության, ինչպես նաև այլ հարմարությունների և ծառայությունների մատչելիությունը:

Տիկին Մարիամի համառ ջանքերի  արդյունքում Երևանի քաղաքապետարանը նրանց բակում թեքահարթակ է կառուցել, որը հնարավորություն է տալիս երեխային ժամանակ անցկացնել խաղահրապարակում: Իսկ ինչ վերաբերում է Երևանի փողոցներով զբոսնելուն, տիկին Մարիամն ասում է, որ փողոցներում չկան թեքահարթակներ, իսկ եղածներն էլ չեն համապատասխանում չափորոշիչներին:

Սակայն Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման պետի տեղակալ Էդիկ Շաքարյանն ասում է, որ տարեկան 30 մլն դրամ գումար է հատկացվում  175 թեքահարթակներ կառուցելու համար: 2013 թվականից սկսած՝  բյուջեից գումար է տրամադրվում թեքահարթակներ և այլ հարմարանքներ փողոցներում կառուցելուն: Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ նշված ժամանակահատվածից մինչ օրս կառուցվել է  2542 թեքահարթակ, և ամեն տարի կատարվում են հին թեքահարթակների վերանորոգման աշխատանքներ:

Իրավական դաշտից դուրս հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման խնդրով զբաղվում են մի շարք հասարակական կազմակերպություններ՝ «Ունիսոն», «Սկարպ», «Հայ մայրեր» և այլն: «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, ով նույնպես ունի հաշմանդամություն,  ասում է, որ Հայաստանում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան:

«Մենք չենք կարողանում այցելել հանրային վայրեր, պետական հիմնարկներ,  օգտվել փոխադրամիջոցներից: Սա իրավունքի լուրջ խախտում է: Օրինակ, ընտրությունների ժամանակ մենք էլ ունեինք անձնագիր, ունեինք մեր ձայնն ինչ-որ մեկին տալու իրավունք, սակայն թեքահարթակների բացակայության պատճառով չկարողացանք լիարժեքորեն մասնակցել ընտրություններին»,- ասում է Արմեն Ալավերդյանը:

Տեղաշարժման մատչելիության հետ կապված խնդիրներ կան դպրոցներում, այդ թվում նաև՝ ներառական: Բացի թեքահարթակներից, դպրոցներում չկան համապատասխան վերելակներ: Թիվ 82 դպրոցը ներառական է, սակայն տեղաշարժման խնդիր ունեցող երեխաները սովորում են միայն առաջին հարկում: Նրանց թվում է նաև  11-ամյա Նարեկը: Նարեկի մայրն ասում է, որ հատուկ իր երեխայի համար թեքահարթակ է կառուցվել և դասարանը իջեցվել է առաջին հարկ:

«Ներառական դպրոցներում, բացի թեքահարթակներից, ուրիշ ոչ մի հարմարանք չկա: Իսկ թեքահարթակներն էլ շատ քիչ խնդիր են լուծում: Դրանց շնորհիվ կարողանում ես ընդամենը մտնել դպրոց: Իսկ ի՞նչ կա դպրոցի առաջին հարկում՝ ընդամենը մի քանի դասարան: Դպրոցների մեծ մասում լաբորատորիաները, մարզադահլիճը գտնվում են 2-րդ և 3-րդ հարկերում: Մի՞թե այդ ամենը պետք չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Կարծում եմ, որ պետք է հրաժարվել ամպագոռգոռ հայտարարություններից և սկսել քայլ առ քայլ անցնել իրական ներառական կրթության»,- ասում է Արմեն Ալավերդյանը:

Երևանում տարիներ առաջ երթուղի մտան մոտ 25 հատուկ հարմարանքով ավտոբուսներ, որոնց նպատակն էր որոշ չափով լուծել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման խնդիրը:

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտը անմատչելի է: Հատուկ հարմարեցված տաքսիները բավականին թանկ են, իսկ երթուղի մտած ավտոբուսները նախ շատ քիչ են, և բացի այդ, նաև անսարք: Եթե ինչ-որ տեղ պետք է գնաս, ուրեմն նախօրոք պետք է քո գրաֆիկը հարմարեցնես ավտոբուսների ժամերի հետ, քանի որ դրանք ուշ-ուշ են աշխատում: Զարգացած երկրներում նմանատիպ խնդիրները մեծ մասամբ լուծվել են, սակայն մեզ մոտ լուծումն այդպես էլ չի երևում»,- ասում է «Սկարպ» հ/կ-ի նախագահ Աշոտ Մկրտչյանը:

Արմեն Ալավերդյանը նույնպես համեմատում է Հայաստանի և արտասահմանի փորձը:

«Մեր հ/կ-ն անդամակցում է «Անկախ կյանքի» եվրոպական ցանցին: Սա իրենից ենթադրում է, որ անգամ հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն անկախ կյանքի իրավունք: Եվրոպական մի շարք երկրներում գործում է անհատական օգնականի ծառայությունը, որը մեզ մոտ չկա, և այդ պատճառով մեր կյանքը ամբողջությամբ կախված է մեր ընտանիքի անդամներից ու հարազատներից: Նույն այդ եվրոպական երկրներում մարդիկ կարող են բողոքի ցույց անել միայն այն պատճառով, որ օրինակ՝ նույն փողոցի վրա գտնվող 10 սրճարաններից 3-ը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ ամբողջ Երևանում հարմարեցված 1 կամ 2 մատչելի սրճարան կարող ես գտնել»,- նշեց Արմեն Ալավերդյանը:

Ամեն տարի բյուջեից գումարներ են հատկացվում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժումն ավելի մատչելի դարձնելու համար, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բարձրաձայնել այս խնդրի մասին և նորանոր լուծումներ փնտրել:

ԱՆՆԱ ԲԶՆՈՒՆԻ

«Առավոտ» օրաթերթ

28.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31