Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք դեռ դատարանում ենք

Դեկտեմբեր 29,2018 12:00

Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պահանջի մասին դատական գործընթացները տեւում են տարիներ: Այդ պատճառով լրատվամիջոցներն այլեւս հրաժարվում են ներկայանալ դատարաններ, եւ քանի որ գերակշիռ մասը չունեն միջոցներ՝ իրենց ներկայացուցիչ-փաստաբաններին ներգրավելու համար, ուստի լրատվամիջոցի բացակայությամբ ընթանում են շատուշատ դատեր:
Դատական գործընթացների ժամանակ մարդիկ են ազատվում աշխատանքից, մարդիկ նոր աշխատանքի նշանակվում, բայց մենք էլի ու էլի դատարաններում ենք:

«Առավոտի» գործերից մեկով, օրինակ, դատական քննության փուլում անվանափոխվեց դատարանը՝ այն դարձավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, նստավայրը Թբիլիսյան խճուղուց տեղափոխվեց Արաբկիրի նստավայր, պատասխանողը՝ դասախոս Նորիկ Սարգսյանն ազատվեց աշխատանքից, նրա դեմ երկրորդ ճակատ բացվեց՝ ազատելով չբավարարվելով՝ նախկին ռեկտորն ու դասախոսական կազմը դիմեցին դատարան այն բանի համար, որ նա «Առավոտում» բաց նամակով էր հանդես եկել:

Օրեր առաջ իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց ռեկտորը:

Մենք ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձից հընթացս դարձանք պատասխանող: Մենք դեռ դատարանում ենք:

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով 2016թ. հուլիսի 18-ին «Առավոտի» դեմ հայցով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու Միհրդատ Հարությունյանը: Անդրանիկ նախնական նիստը տեղի է ունեցել հուլիսի 21-ին:

6 նախնական դատական նիստ է տեղի ունեցել, 5 դատաքննություն:

Հայցվոր «ռեկտորատը» հայտնում է, որ 2016թ. հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրվել է Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը: Հայցվորները տեղեկացնում են, որ 3 տարի առաջ «Հրապարակ» թերթում Նորիկ Սարգսյանն իրենց հասցեին թույլ է տվել իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ:

Հայցվորները բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական են համարել Ն. Սարգսյանի մի շարք արտահայտություններ, համաձայն որոնցից մեկի՝ «ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, կեղծիքներ»: Հայցվոր կողմը նշում է, որ Ն. Սարգսյանը մեղադրել է իրենց «ՀՊՏՀ բյուջեի քողարկված՝ հաստիքային կողոպտման» համար: Հայցվոր կողմը պահանջում է, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ն. Սարգսյանին նշյալ լրատվամիջոցներով հերքել, ներողություն խնդրել: Դատարան է ներկայացվել անգամ հերքման տեքստը:

Գալիք տարվա մարտի 11-ին նշանակվել է դատաքննություն: Դատավորն է Էդիկ Ավետիսյանը: Այս գործով «Առավոտի» ներկայացուցիչն եմ:

Վահե Հակոբյանն ընդդեմ Արթուր Գրիգորյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» հ/կ-ի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության՝ «Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, հերքման պարտավորեցնելու պահանջի մասին» հայցադիմումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է անցյալ տարվա օգոստոսի 29-ից:
Դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ 6 նիստ է գումարվել: Այս գործով էլ Վահե Հակոբյանը հրաժարվել էր «Առավոտից», այն է՝ հայցապահանջից, ապա դատարանի որոշմամբ, ներգրավվել ենք որպես պատասխանող:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել է աշխատանքից, իսկ հունիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պատասխանող բնապահպանը նշանակվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

Այս գործով դատական անդրանիկ նախնական նիստը նշանակվել էր հոկտեմբերի 2-ին: Հայցադիմումը ընդունվել է վարույթ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին: Բնապահպանը հաղորդում էր տվել հանցագործության մասին, հասեցատերը գլխավոր դատախազությունն էր, հարցնելով, թե արդյոք մարզպետը կապ ունի՞ բնապահպանների դեմ իրականացվող հետապնդումների հետ: Բնապահպանների գործով «Առավոտը» այս փուլում դեռ ներկայացուցիչ չունի:

Գալիք հունվարի 8-ին նշանակվել է հերթական դատական նիստը:

«Զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու, պատվի, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին» հայցով Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարան է դիմել Ասյա Խաչատրյանն ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի:

Դատավոր Ա .Սահակյանի այս տարվա մայիսի 5-ի որոշմամբ՝ երրորդ անձինք էին «Առավոտ» օրաթերթը, «Araratnews.am», «Operativ.am»-ը, «168 ժամ» թերթը, «Henaran am» լրատվական գործակալությունը:

Մինչ օրս նախնական 5 նիստ է կայացել:

Հայցվորը, որին ավելի շատ գիտեք «կապույտ մազերով աղջիկ», հայտնել է, որ մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի՝ «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասված միտքը. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»: Գ. Իսագուլյանն ասել էր, որ առկա է եղել Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ի՞նչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Ա. Խաչատրյանը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում: Պահանջելով հերքում, հայցվոր կողմը իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ է պահանջում:

2019 թվականի փետրվարի 6-ին նշանակվել է հերթական նիստը: «Առավոտը» դատարանում այս փուլում ներկայացուցիչ չունի:

«Առավոտը» դատական գործընթացների մեջ է նաեւ լրագրող «Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ առողջապահության նախարարի» գործով: Պատասխանող Լեւոն Ալթունյանից հետո երկրորդ առարկություններն էր դատարան ուղարկվել առողջապահության նոր նախարարի կողմից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Տարին ամփոփել էինք, երբ ստացանք մասնավոր իրավական կենտրոնի փաստաբան Ինգա Ավագյանի «Միջնորդություն՝ հերքում հրապարակելու մասին» գրությունը: Նա պահանջում էր, որպեսզի հերքեինք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած դեկտեմբերի 4-ի պաշտոնական տեղեկությունը: Այն վերաբերում էր ոմն Աշոտ Աբրահամյանի կողմից համագյուղացուն դանակահարելու, առերեւույթ սպանություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը:
Քննչական կոմիտեի պատասխանատուն «Առավոտին» երեկ ասաց, որ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները տարածել են իրենց պաշտոնական հաղորդագրությունը, սակայն փաստաբանն ինչու էր ընտրել մեր լրատվամիջոցին, ուղարկել նման զավեշտալի պահանջ, հայտնի չէ:

«Առավոտ» օրաթերթ

28.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31