Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՋՋԱՅԻՆ

Դեկտեմբեր 28,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՐՈՐԴ

Գլուխ հիսուներորդ

ԲՋՋԱՅԻՆ

Հիմա, երբ էս բաները գրում եմ, երկամյա բացակայությունից հետո Հարությունյան Հայկունին վերադարձել է օրթախականների շրջապատ, եւ, իմ տպավորությամբ, հիմնավորապես է վերադարձել, եւ, փաստորեն, բազմազբաղ ու ընկերաշատ Հարությունյան Հայկունին երկամյա փնտրտուքներից հետո մեր էս ամենօրյա իրիկնային հավաքներից ավելի հետաքրքիր զբաղմունք ու օրթախականներից ավելի հետաքրքիր շրջապատ չի գտել, եւ ավելի քան համոզված եմ էս ասում, որովհետեւ, եթե հակառակը լիներ, էդ երկարատեւ ընդմիջումից հետո Հարությունյան Հայկունին դժվար թե էսքան հաճույքով ու էսքան հիմնավոր վերադառնար, եւ էնքան բնական է վերադարձել, ասես երբեւէ չի էլ բացակայել, եւ էնքան  հիմնավոր է վերադարձել, որ ոչ միայն ոչ մի  իրիկուն չի բացակայում, այլեւ պահանջում է, որ մյուսներս էլ գեթ մի իրիկուն չբացակայենք, եւ եթե մյուսներիցս որեւէ մեկը գեթ մի օր բացակայում է, Հայկունին էդ բացակայողից բացակայության մասին հիմնավոր բացատրություն է պահանջում, եւ եթե նախկինում ութն անց կեսին էինք հավաքվում, Հայկունու էս հիմնավոր վերադարձից հետո՝ հիմա արդեն  ութին «Մարինոյի» մեր մշտական սեղանի շուրջ լիքը օրթախական է լինում, որովհետեւ, մինչեւ ութը Հարությունյան Հայկունին բոլորիս բջջայիններին զանգում ու բոլորիս մեկ առ մեկ զգուշացնում է, որ հանկարծ չուշանանք, եւ էս ասածս, իհարկե, ենթադրություն է. ենթադրում եմ, որ բոլորին մեկ առ մեկ զանգում ու զգուշացնում է, որովհետեւ  ինձ պարտադիր է զանգում ու զգուշացնում, որ հանկարծ չուշանամ, եւ սրանից ավելի հարմար առիթ չի լինի, որպեսզի ձեզ տեղեկացնեմ, որ անցյալ տարվա վերջերից սկսած՝ ժամանակակից բոլոր նորմալ մարդկանց պես ձեր խոնարհ ծառան էլ է բջջային հեռախոս պահում, եւ հիմա, երբ Ռոստովից քրոջս ավագ որդու՝ Վարդանի ուղարկած էդ բջջայինը մոտս չի լինում, ես ինձ շատ անհարմար վիճակում եմ զգում, եւ չնայած նախկինում առիթով ու անառիթ գլուխ էի գովում, որ բջջային հեռախոսի կարիք բացարձակապես չեմ զգում ու երբեւէ բջջային հեռախոս չեմ պահի, էս վերջին ամիսների իմ կյանքը ճիշտ հակառակն է ապացուցում. էնպես որ՝ երբեք մի ասեք երբեք, եւ եթե մի օր վերադառնամ ու վերստին սկսեմ բանաստեղծություններ գրել, չզարմանաք, որովհետեւ մեր էս նոր կյանքն ու կապիտալիզմը քեզ էնպիսի նոր ու անակնկալ վիճակների առաջ են կանգնեցնում, որ հեշտությամբ ես նախկին սկզբունքներիցդ հրաժարվում, եւ օրթախականների թեմային էս վերջին անդրադարձներս  էլ են էդ վկայում, եւ եթե սրանից մի տարի առաջ ինձ թվում էր թե՝ օրթախականների թեման արդեն սպառել ու վերջնականապես փակել եմ եւ էդ թեմային այլեւս չեմ անդրադառնալու, հիմա վկա եք, որ միանգամայն նոր եռանդով ու որ ոգեւորությամբ եմ օրթախականներին անդրադառնում, եւ հակառակը չէր էլ կարող լինել, որովհետեւ Հարությունյան  Հայկունու էս հիմնավոր վերադարձից հետո ինքս էլ եմ հիմնավորապես վերադարձել  օրթախականների շրջապատ, եւ չնայած հիմնավորապես չէի էլ հեռացել, հիմա գրեթե չեմ բացակայում, եւ հակառակը չի էլ կարող լինել, որովհետեւ Հարությունյան Հայկունու էս բջջային ու նախազգուշական զանգերի պարագայում ճողոպրելու տարբերակ պարզապես չունեմ, եւ ճիշտը որ ուզում եք իմանալ, ճողոպրելու ցանկություն էլ առանձնապես չունեմ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31