Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) մի խումբ դասախոսների պնդմամբ, բուհում շարունակվում է տիրել աշխատանքային անառողջ մթնոլորտը, իսկ կրթական գործընթացը կաթվածահար վիճակում է: Այս պահին գիտության վեց թեկնածուներ, դոցենտներ ազատված են համալսարանից: Դատարան դիմած չորս դասախոսներից մեկի՝ Համլետ Հովսեփյանի հայցը, ըստ էության բավարարվել է, և անօրինական են ճանաչվել Սյունիքի նախկին մարզպետի հովանավորյալ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրամանները:
Ռեկտորին դատի էր տվել նաեւ համալսարանի արհմիութենական կազմակերպությունը (նախագահ Համլետ Հովսեփյան), իսկ դասախոս Հասմիկ Թունյանի հայցը, ինչպես տեղեկացանք, մոտ օրերս կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ կրքերը ավելի բորբոքվեցին, երբ այս տարվա հունիսի 26-ին ռեկտորի հրաժարականի պահանջով հանդես եկավ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Մհեր Քումունցը, եւ նրան միացան համալսարանի բոլոր դեկանները, ամբիոնի վարիչները, դասախոսներ ու ուսանողներ:
Քումունցի հայցը ընդդեմ ԳՊՀ-ի շուտով եւս կլսվի դատարանում:
Այս տարվա դեկտեմբերի 14-ին Սիսիանի դատարանում (դատավոր Ի. Բեգլարյան) լսվել էր Մալիկ Թելունցի հայցն ընդդեմ ԳՊՀ-ի: Դեկտեմբերի 27-ի առավոտյան հրապարակվել է վճիռը, ըստ որի՝ հայցը բավարարվել է մասնակի. դատարանը անօրինական է ճանաչել 03.07.2018 թվականի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի՝ Մալիկ Թելունցի նկատմամբ որպես կարգապահական տույժ նշանակված խիստ նկատողություն հայտարարելու մասին հրամանը: Թելունցը, սակայն, չի վերականգնվի աշխատանքում, քանի որ համալսարանից ազատվել էր իր դիմումի համաձայն այն պատճառով, որ չէր ցանկացել՝ ռեկտորն իրեն ազատի:
Aravot.am-ը համալսարանում տիրող մթնոլորտի եւ դատական գործընթացների մասին խոսեց ազատված դեկան Մհեր Քումունցի հետ: «Դատարաններում ռեկտորի հրամաններից երկուսն արդեն անօրինական են ճանաչվել: Մյուսների համար նախապես ոչինչ չենք կարող ասել, ապավինում ենք միայն օրենքին: Ինձ տրված հրամանները ես հրապարակել եմ: Իրավաբան-մասնագետները նույնիսկ արձագանքել են մամուլում, որ դրանք ակնհայտ անօրինական են: Մի բան հաստատ գիտեմ. հապաղում չի լինելու, որովհետև այստեղ անձնային խնդիր չէ, մեր համալսարանի ճակատագրին է վտանգված: Ես անձամբ թույլ չեմ տալու, որ համալսարանը արկածախնդրության զոհ դառնա: Այս պահին համալսարանում կազմակերպվող շոուները կարող են շատերին շփոթեցնել ու վախեցնել, բայց ոչ ինձ»,-ասաց մեր զրուցակիցը:
Մհեր Քումունցը նաև հավելեց, որ այս ամենը արդեն լուրջ հետևանք է թողել Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող բուհի վրա. «Մենք ամեն ինչ այնքան զգույշ ենք անում, որ մեր համալսարանը չտուժի, բայց ինչ կարող ենք անել, եթե այս պահին էլ ռեկտորը անօրինականություններ է թույլ տալիս»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ամբիոնի վարիչի ընտրությունների չեղյալ հայտարարվելուն, կանոնադրական խախտումներով նշանակումներին, դասախոսներին կախյալություն մեջ պահելուն: Դասախոսները խոստացան առաջիկայում մանրամասն փաստեր հրապարակել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ