Աբովյան 29 հասցեում է ապրել և ստեղծագործել գրող Դերենիկ Դեմիրճյանը: Տարիներ շարունակ նրա տուն-թանգարանը գտնելը խնդիր էր: Պատմամշակութային հուշարձան – շենքը կորել էր առևտրային կրպակների, կցակառույցների ու մշտապես այստեղ կայանող ավտոմեքենաների հետևում:
«Երբ Հայաստանն անկախացավ և մշակութային արժեքները ստորադասվեցին բիզնես շահերին, տարածքն ամբողջովին կորցրեց տեսքը և ոչ միայն արգելափակվեց տուն -թանգարանի մուտքը, այլև մարդկանց հայացքից կորավ գեղեցիկ մի շինություն, որը շուտով կդառնա 100 տարեկան: Տարիներ շարունակ թանգարան այցելողների հետ պայմանավորվում էինք մետրոյի հարևանությամբ, որտեղից մեր աշխատակիցներն ուղեկցում էին դեպի թանգարան»,- պատմում է Դերենիկ Դեմիրճյանի տուն – թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:
Խնդրի մասին թանգարանի աշխատակիցները բարձրաձայնում էին ավելի քան երկու տասնամյակ, սակայն անարդյունք: Մի քանի տարի առաջ որոշակի՝ մասնակի փոփոխություններ եղան, սակայն ոչ համակարգային: Կարինե Ռաֆայելյանը նշում է՝ տարբեր կառույցներ ուղղված նամակներով կարելի է հատորներ կազմել:
«Ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ նամակաները ոչ թե նպաստում են խնդրի լուծմանը, այլ միջոց են այս տարածքում բիզնես ծավալող անձից ավելի շատ փայաբաժիններ ակնկալելու և ստանալու համար:Իշխանությունը փոխվելուց հետո լիահույս էի, որ մենք ունենք նոր իշխանություն, նոր պաշտոնյաներ, որոնց նպատակը գրպանը լցնելու մոլուցքը չէ, այլ քաղաքին և հանրությանը ծառայելը: Եվ, իհարկե, չսխալվեցի»,- նշում է թանգարանի վարիչը:
Տիկին Կարինեն չսխալվեց: Իսկ ամեն ինչ սկսվեց Երևանի ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի՝ թանգարան այցից:
«Առհասարակ շատ եմ սիրում թանգարաններ այցելել: Հերթական այցս Դեմիրճյանի թանգարան էր, որը հասցեով գտնելն անգամ բավական դժվար է: Զրուցելով աշխատակիցների հետ՝ ծանոթացա նաև խնդիրներին, այդ թվում՝ անօրինական կառույցին, որը փակում էր մուտքը և թանգարանին զարգանալու հնարավորություն չէր տալիս: Խնդիրը քննարկեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, և մի քանի օր անց տասնամյակների պայքարը հաջողությամբ պսակվեց»,-ասում է Էդգար Բարսեղյանը:
Օրեր անց թանգարանի հարևանությամբ գտնվող ապօրինի փայտե, մետաղական ու քարաշեն շինություններն ապամոնտաժվեցին: Տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կրպակը կվերատեղադրվի՝ համահունչ հարակից շենքերին: Հետո նաև, արդեն այսօր մշակվող նախագծով, տարածքը կբարեկարգվի, կկանաչապատվի, կվերականգնվի գրողի տուն տանող երբեմնի փոքրիկ ծառուղին, կտեղադրվեն նստարաններ: Թանգարանի աշխատակիցները վստահ են՝ պուրակը կդառնա մշակութային բացօթյա անկյուն և կնպաստի մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Հիմա կարծես արմատական լուծում է ստանում խնդիրը, որի համար ես անչափ շնորհակալ եմ: Տեսնում ենք, որ այսօր գործընթաց է սկսված, որն արդեն չի կարելի ասել մասնակի է: Վստահ եմ, որ պուրակը ոչ միայն կազատագրվի այս փնթի շինությունից, այլև պուրակը կարգի կբերվի: Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, չի կարելի այսպիսի փնթի վիճակ հանդուրժել: Սա ոչ միայն թանգարանի, այլև հարակից շենքերի բնակիչների ու ընդհանուր առմամբ Երևանի շահն է: Դա այնքան կարևոր էր մեզ համար, որ չեմ կարող չփաստել, որ իրավիճակ և արժեքներ են փոխվել, և մշակույթն զգում է այդ փոփոխությունը»,– նշում է Կարինե Ռաֆայելյանը:
Թանգարանում ևս մեկ երազանք ունեն. Երևանում կանգնեցնել Դերենիկ Դեմիրճյանի արձանը: Քաղաքային իշխանությունը խոստանում է աջակցել գաղափարի իրագործմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն