Այսօր Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եկել էր Գյումրի՝ ներկայացնելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նոր տնօրենի պաշտոնակատար՝ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանին։ Հիշեցնենք, որ 15 տարի շարունակ այս մասնաճյուղը գլխավորել է Կարինե Ավդալյանը, որի նկատմամբ վերջերս հարուցվել էր քրեական գործ՝ նախկին աշխատակիցների ներկայացրած բողոքների հիման վրա։
Նոր տնօրենի նշանակումը ընդունեցին ծափողջյուններով, վերջինս ևս եղել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աշխատակից, սակայն հեռացել էր՝ չհարմարվելով տիրող միջավայրին։
Նոր տնօրենին ներկայացնելու ժամանակ, սակայն, տեղի ունեցավ միջադեպ․ միջանցքում մի խումբ երիտասարդներ ճայթուցիկներ վառեցին՝ «դասադուլ, դասադուլ» բացականչելով։ Բանը հասավ նրան, որ փոխնախարարը դուրս գալով միջանցք, հսկողություն իրականացնողներին հորդորեց ոստիկանություն հրավիրել։
Կոնսերվատորիայի փոխտնօրեն Աշոտ Պետրոսյանն էլ ելույթի ձայն խնդրեց՝ բարձրաձայն ընթերցելով հրաժարականի իր դիմումը։ Նա ասաց․ «Այսօր կարող են փաստել, որ ութ ամիս առաջ Գյումրու կոնսերվատորիայի դեմ սկսված շոուն և ֆարսն այսօր հասավ իր բնական վախճանին և կատարվեց այն, ինչը որ պլանավորված, ծրագրված էր ութ ամիս առաջ»։ Վերջինս նեղվեց, որ գոնե ձևական շնորհակալական խոսքեր չհնչեցրեցին հեռացող 15 տարվա տնօրենին, որի աշխատանքի մեջ միգուցե և լինեին թերություններ, բայց կար նաև դրական աշխատանք։
Նա նաև ընթերցեց իր աշխատանքից ազատման դիմումը՝ նշելով, որ երեկվանից գիտեր այս « շոուի» մասին։
Նա իր դիմումում քննադատում էր Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին կադրային սխալ քաղաքականություն իրականացնելու համար, որը, ըստ Աշոտ Պետրոսյանի, նպատակ է հետապնդում պառակտում մտցնել մասնաճյուղի աշխատանքում և աշխատակիցների շրջանում և հետագայում փակել մասնաճյուղը։ Աշոտ Պետրոսյանն իր դիմումում նաև անդրադարձել էր տնօրենի ժ/պ Հասմիկ Հարությունյանի անձին, որը, ըստ նրա, հեղինակություն չի վայելում․ ԱԺ ընտրություններում առաջադրվելով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կողմից՝ ծիծաղելի ձայներ է հավաքել։
«Որպես բողոքի նշան, խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից»,-գրված էր Աշոտ Պետրոսյանի դիմումի մեջ։ Սա լսելով՝ սենյակում հավաքված աշխատակիցները սկսեցին ծափահարել, իսկ փոխնախարարը նկատեց՝ «Դուք շոուն ապահովեցիք, շնորհակալ եմ շատ»։
Նշենք՝ փոխնախարարը իր ելույթում տեղեկացրեց, որ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տարբեր աշխատակիցներ եկել են թե՛ նախարարի, և թե՛ իր մոտ, ու բոլորը ընդունել են, որ մասնաճյուղում կան կուտակված խնդիրներ։ Փոխնախարարը նշեց, որ մեծ ռեֆորմներ են նախաձեռնել կրթական ոլորտում, կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էլ անմասն չի մնացել բարեփոխումներից։ Փոխնախարարի տեղեկացմամբ, շուտով «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը կհայտնվի շրջանառության մեջ, որը էական փոփոխություններ կբերի բարձրագույն կրթության ոլորտում՝ հնավորինս կուժեղացնի բուհական ինքնավարությունը բոլոր տեսակի քաղաքական ազդեցությունից։ Ըստ փոխնախարարի, քաղաքական ազդեցությունը կեղեքել է մեր կրթական համակարգը, հաշվի չեն առել մարդու պրոֆեսիոնալիզմը, այլ հաշվի են առել քաղաքական նպատակահարմարությունը։ Նա ասաց, որ հետայսու նման իրավիճակ չի լինի, այժմ բուհական խորհուրդներում ընդգրկվում են մարդիկ, որոնց քաղաքական պատկանելությունը բացարձակ հաշվի չեն առնում, դրանք զերծ են պահել բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվելուց, ամենաբարձր պաշտոնյան փոխնախարարն է, այնտեղ նախարարներ չկան։
Հովհաննես Հովհաննիսյանն, անդրադառնալով կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին, ասաց, որ այստեղ կա որակի խնդիր, սա գլխավոր հարցն է, որ պիտի հուզի, իսկ անձերը էական չեն։
«Ուսանողները չեն կարող ստանալ նորմալ կրթություն և գիտելիքներ, եթե չկա նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ կոլեկտիվի մեջ։ Եթե բարոյահոգեբանական մթնոլորտը որևէ հաստատությունում կաղում է, ապա այդտեղ հնարավոր չէ ապահովել նորմալ կրթական միջավայր»,- ասաց փոխնախարարը։
Նա ասաց, որ երկար քննարկումներից հետո որոշվել է ռեկտորի պաշտոնակատար նշանակել Հասմիկ Հարությունյանին, նրա այս խոսքերը ուղեկցվեցին բուռն ծափահարություններով։
Հասմիկ Հարությունյանի անցած ծանրակշիռ ուղու մասին խոսեց նաև Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը։
Հասմիկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց նման բարձր պաշտոնում վստահելու համար՝ հայտարարելով, որ իր սուրբ պարտականությունն է հետևել գիտելիքների ձեռք բերմանն ու դասավանդմանը, քաղաքի մշակութային մթնոլորտի բարելավմանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ