Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին: Արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. սրանք, ըստ Վիրաբյանի, այն հիմնական պահանջներն ու սկզբունքներն են, որոնք հարկավոր են թատրոնի արդյունավետ կառավարման համար:
«Մենք չունենք բարեկամներ, մեր բարեկամը պրոֆեսիոնալ աշխատողն է: Մենք վստահեցնում ենք, չենք զանգահարելու որևէ մեկի համար: Դուք պետք է լինեք պահանջող, մասնակից գործընթացներին, առավել իրազեկված, լիարժեքորեն տիրապետեք ձեր իրավունքներին: Ստեղծագործական և վարչական կազմը պետք է տնօրենի և գեղարվեստական ղեկավարի աշխատանքը պահի խոշորացույցի տակ»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանն ու առանձնակի կարևորել նաև աշխատակազմի վերահսկողությունը թատրոնի ֆինանսական շարժի գործում:
«Դուք եք վաստակում այդ գումարները, և դրանք պետք է ուղղվեն բացառապես թատրոնի զարգացմանը: Այն ժամանակ, երբ դուք բեմում եք օրական մի քանի անգամ, իրենք իրենց առանձնասենյակներում են»:
Անդրադառնալով թատրոնում առկա խնդիրներին, որոնք կուտակվել են տարիների ընթացքում՝ Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ դրանք պետք է լուծումներ ստանան ըստ առաջնահերթության:
«Այս թատրոնն իր ուղղությամբ այն օջախն է, որը դաստիարակում է մյուս թատրոնների հանդիսատեսին: Այստեղից է սկսվում սերը թատրոնների հանդեպ: Եթե մենք այս ցուրտ դահլիճում երեխաներին բերում ենք ներկայացում դիտելու, ապա նրանք ավագ տարիքում երբեք չեն ցանկանա որևէ թատրոն գնալ, որովհետև նրանց մանկական պատկերացումներում թատրոնը ցուրտ է, չհաշված մյուս բոլոր անհարմարություններն ու անհանգստությունները, որոնք ունենում են թատրոնում»,- նշել է փոխքաղաքապետը:
Տիգրան Վիրաբյանը պատասխանել է նաև թատրոնի աշխատակիցների հարցերին: Անդրադառնալով դպրոցներում տարբեր ներկայացումների տոմսերի վաճառքի վերականգնմանն առնչվող հարցին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ընդհանրապես հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այս թատրոնն իր ուղղությամբ այն օջախն է, որը դաստիարակում է մյուս թատրոնների հանդիսատեսին: Այստեղից է սկսվում սերը թատրոնների հանդեպ: Եթե մենք այս ցուրտ դահլիճում երեխաներին բերում ենք ներկայացում դիտելու, ապա նրանք ավագ տարիքում երբեք չեն ցանկանա որևէ թատրոն գնալ, որովհետև նրանց մանկական պատկերացումներում թատրոնը ցուրտ է, չհաշված մյուս բոլոր անհարմարություններն ու անհանգստությունները, որոնք ունենում են թատրոնում:
Լավ է ասում, բայց այդ համատեքստում առաջնահերթություններից մեկն էլ, թերևս, թատերական արտադրանքի գեղարվեստական կշռի բարձրացումն է, որ երեխան կլանված նայի, ոչ թե քիթը հեռախոսի ու խելախոսի մեջ մտցնի…