Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ կառավարությանը վերանայել կայացված որոշումը. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել

Դեկտեմբեր 28,2018 17:11

ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից հայտնվել է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով` բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում:

Ստացվում է, որ յուրաքանչյուր նախկին զինծառայողի հատկացվելու է 5 միլիոն դրամ՝ իր բնակարանային խնդիրը լուծելու համար:

Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ:

Ակնհայտ է, որ այս քայլով կառավարությունը փորձել է մեղմել նշված սոցիալական խմբի առջև ծառացած խնդիրները, սակայն դատելով արձագանքներից, այն չի լուծելու խնդիրը:

Ակնհայտ է, որ 5 միլիոն դրամով որևէ մեկն այսօր չի կարող բնակարան գնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:

Վերը նշվածից հետևում է, որ պետությունը օրենսդրորեն ստանձնել է պարտավորություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրել վերը նշված նախկին զինծառայողների ընտանիքներին:

Թեև ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել այս լուրջ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ երեկ կայացված որոշումը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:

Ուստի, հետագա բարդություններից խուսափելու, նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակով, առաջարկում եմ կառավարությանը՝ վերանայել կայացված որոշումը:

«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31