Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ն առանձնացավ ֆեյքերի ակտիվացմամբ». Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբեր 28,2018 16:11

«2018-ն առանձնացավ ֆեյքերի ակտիվացմամբ: Ծավալներն էապես ավելացան, և դա դարձավ շատ ավելի վտանգավոր»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ ապատեղեկատվությունը հիմնականում տարածվում էր թե՛ տարբեր ԶԼՄ-ների, թե՛ կեղծ կայքերի միջոցով, որոնց դժվար է ԶԼՄ անվանել, ու նաև սոցիալական ցանցերի միջոցով՝ առաջին հերթին Ֆեյսբուքի:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս ապատեղեկատվությանը հակազդելու համար իրականացրին մի շարք գործողություններ. «Նախ շարունակեցինք փաստերի ստուգումը: Տարվա ընթացքում իրականացնում էինք սոցցանցերում կեղծ լուրերի և ապատեղեկատվության մշտադիտարկում: Նախքան հեղափոխությունը հիմնականում կենտրոնացել էինք ազգ-բանակ թեզի վրա, որը տանում էր դեպի հասարակության միլիտարիզացիա, սակայն  հեղափոխությունից հետո ազգ-բանակ քարոզչությունը փոխարինվեց այլ քարոզչությամբ»:

Քննարկման ընթացքում տրվեց նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից իրականացվող հետաքննական լրագրության առցանց դասընթացի մեկնարկը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» գործադիր տնօրեն Աշխեն Մուշեղյանն ասաց, որ ապատեղեկատվության և կեղծ լրատվության դեմ պայքարի առումով Հայաստանը շատ ավելի շահեկան դիրքերում է: Նա պարզաբանեց. «Մի կողմից դաշտը փոքր է, և ստուգված տեղեկատվությունը մեզ համար ավելի հեշտ է հասցնել մեր ընթերցողներին: Ու նաև այնպես է, որ հետ չենք մնում համաշխարհային թրենդների պայքարի գործիքներից»:

Խոսելով լրագրողների համար նախատեսված դասընթացից՝ Աշխեն Մուշեղյանն ասաց. «Վերջին մեկ-երկու տարիներին ահագնացող ապատեղեկատվության դեմ նախատեսել էինք մի ծրագիր, որի ընթացքում լրագրողներին մանրամասն ներկայացնելու էինք այն գործիքները, որոնցով կարող են պայքարել ապատեղեկատվության դեմ»:

Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ իրենք մտադիր են բարձրացնել նաև պետական մարմինների ունակությունները ապատեղեկատվության դեմ պայքարում, որ կեղծ լուրերը նվազագույնի հասցնեն:

Ծրագրի օգնական Վիկտորյա Անդրեասյանը նշեց, որ դեռ 2017-ին հասկացել էին, որ մանիպուլյացիաների դեմ պայքարի լավագույն  միջոցներից է լրագրողներին կրթելը. «Որոշեցինք սկսել մի ծրագիր, որը ավելի հեշտ հասանելի կլինի: Ծրագիրը մեկնարկեց 2018-ի ապրիլին, այն անվճար է և հասանելի բոլորի համար: Մեր հիմնական շահառուները լրագրողներն են: Առաջին փուլը մեր առցանց դասընթացն է: Մենք փորձել ենք այնպես անել, որ այն հեշտ հասանելի լինի: Երկրորդ փուլում կլինեն դեմ առ դեմ թրեյնինգներ, կհայտարարվի հետաքննական նախագծերի մրցույթ և լավագույն ութ նախագծերը կստանան փոքրիկ ենթադրամաշնորհներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31