Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականը մարտահրավերների տարի էր, որոնք հիմնականում հաջողվել է հաղթահարել. Արցախի ԱԺ նախագահ          

Դեկտեմբեր 28,2018 15:25

2018 թվականը փորձությունների և մարտահրավերների տարի էր, որոնք հիմնականում հաջողվել է հաղթահարել: Այս մասին այսօր հրավիրած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով`սահմանային իրավիճակը և այն սպասումները, որոնք կապված են հաջորդ տարվա ընթացքում բանակցային գործընթացի հնարավոր ակտիվացմամբ` հուշում են, որ 2019 թվականին մարտահրավերները չեն նվազելու: Ա. Ղուլյանը, սակայն, վստահություն հայտնեց, որ ունեցած ներքին ամրության պաշարը ի վիճակի կդարձնի երկրին` դիմակայելու ցանկացած մարտահրավերների:

«2018-ին մենք նաև ականատես ու մասնակից եղանք բոլորովին նոր քաղաքական ու հանրային ակտիվության իրավիճակի: Այս իմաստով պետք է գնահատել այն զսպվածությունն ու լրջությունը, որը ցուցաբերեց մեր հասարակությունը և քաղաքական պատասխանատուները` այդ իրադարձությունները գնահատելիս և այդ իրադարձություններին որոշակի ուղղվածություն հաղորդելուց: Մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե նույնիսկ ներքին խնդիրներ էլ չունենանք, ապա արտաքին ազդակները բավարար են, որ ցանկացած օր որևէ հանրային անհանգստություն տեղի ունենա մեր երկրում: Եվ եթե դրան գումարում ենք նաև մեր ներքին հարցերը, որոնք կուտակվում են տարիների ընթացքում համարժեք արձագանք չստանալու պարագայում, ապա շատ բնական է, որ ժամանակ առ ժամանակ հանրությունից ազդանշաններ ենք ստանում: Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք որևէ օր, ամիս շարունակվող բարեփոխումների դադար չպետք է ունենանք»,-նշեց Ա. Ղուլյանը:

Խորհրդարանի նախագահը նաև ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց, մասնավորապես, 2018 թվականի ընթացքում խորհրդարանում տեղի է ունեցել 11 հերթական և 1 արտահերթ նիստ, որոնց ընթացքում շրջանառության մեջ է դրվել 113 օրինագիծ:

Խորհրդարան է այցելել 36 պատվիրակություն, որից 19-ը՝ օտարերկրյա`12 երկրից: Եվս 13 պատվիրակություն այցելել է ՀՀ-ից, իսկ 4 պատվիրակություն` Սփյուռքից:

«Այնպես է ստացվում, որ օտարերկրյա խորհրդարանական պատվիրակությունները հիմնականում եվրոպական երկրներից են, ինչը կարծում եմ պայմանավորված է նրանով, որ եվրոպական երկրների խորհրդարաններն ավելի ազատ են իրենց հարաբերությունների կառուցման գործում` ի տարբերություն Ռուսաստանի և ԱՊՀ անդամ այլ երկրների»,- պարզաբանեց Ա. Ղուլյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31