Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմնականում ապօրինաբար լիճ են մտնում Նորատուսի հատվածից, ինչը ձկնորսությամբ զբաղվող շատ օրինապահների շրջանում վրդովմունքի տեղիք է տալիս

Դեկտեմբեր 28,2018 15:03

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին Սևանա լճում ձկնորսության արգելքի հսկողության հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած չորս կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վերջիններս խոսեցին դեկտեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում իրենց լիազորությունների շրջանակներում արգելքի հսկողության հետ կապված միջոցառումների իրականացման և դրանց արդյունքների մասին:

«Այս տարի ձկնորսության արգելքի հսկողության արդյունքը անհամեմատ մեծ է: Հսկիչ կետերը շատ լավ աշխատում են: Եթե նախորդ տարիներին արգելքի շրջանում հաշվում էինք լիճ մտնող 500-600 լողամիջոց, այս տարի նույն շրջանում դրանց թիվը հասնում է 40-60-ի: Հիմնականում ապօրինաբար լիճ են մտնում Նորատուսի հատվածից, ինչը ձկնորսությամբ զբաղվող շատ օրինապահների շրջանում վրդովմունքի տեղիք է տալիս: Պետք է հասնել նրան, որ բացառվեն որսագողությունները արգելքի շրջանում, և բոլորը ենթարկվեն սահմանված կարգ ու կանոնին»,- ներկայացրեց ՀՀ ընդերքի և բնապահպանական տեսչության մարզային կառույցի ղեկավար Արտուշ Ղուկասյանը:

«Մենք ամենօրյա համագործակցված աշխատանք ենք իրականացնում «Սևան» ԱՊ-ի, բնապահպանական տեսչության, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ այլ կառույցների հետ: Շրջիկ խմբերն աշխատում են մարզի տարածքում, ամենօրյա հսկողություն է իրականացվում ավտոմայրուղիներում, ինչպես նաև մարզի տարածքում տեղակայված 3 անշարժ պահակակետերում: Չէի ասի արգելքի հետ կապված իրավիճակը իդեալական է, սակայն վերահսկողությունը շատ խիստ է»,- նշեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը:

«Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի Սևանա լճում ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումներն իրականացվեն ամենայն խստությամբ: Եթե առանձին անհատներ չեն առաջնորդվում արգելքի հետ կապված միջոցառումների պահանջներով, մենք պետք է գործի դնենք անհատական վերահսկողության մեխանիզմը, ինչն արվում է Իջևանի մարզում, անտառապահպանման ուղղությամբ: Շահագրգիռ գերատեսչություններում պետք է քննարկել այս խնդիրը և ամենաուշը՝ գարնանը կիրառել այն»,- իր խոսքում նշեց բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը:

«Ձկնորսությամբ զբաղվողների շրջանում հարկավոր է արգելքի հետ կապված միջոցառումների մասին պարբերաբար և շուրջտարյա բացատրական աշխատանքներ իրականացնել: Կարծում եմ, որ նման դեպքում արգելքի շրջանը կանցնի ավելի խաղաղ ու առանց ցնցումների»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ափամերձ համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ անձինք:

Քննարկումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: « Ես տեսնում եմ, որ այս տարի Սևանա լճում ձկնորսության արգելքի հետ կապված հսկողությունը տարբերվում է նախորդ տարիներից: Ես կուզեի, որ միջոցառումը այս ձևաչափով շարունակվեր և ավելի խորացվեր: Հիմա երևի շատ նորմալ ժամանակ է, որպեսզի անցնենք արդյունագործական ձկնորսության նոր կարգի սահմանման: Այս տարի ունենք անհամեմատ շատ ձկնկիթ, և եթե արգելքը պահպանենք, մի քանի տարի լճում ձկնապաշարի խնդիր չենք ունենա: Նման արդյունք ապահովելու համար մենք պետք է դրսից ներմուծենք որակյալ՝ 50 մմ -ից ոչ փոքր ցանցավանդակներ և ամեն ինչ իրականացնենք օրենքի տառին համապատասխան ու ամենայն խստությամբ»,- իր խոսքը եզրափակեց մարզպետը:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի՝ դեկտեմբերի 28-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկվի նաև առաջիկա տոնական օրերին արգելքի հսկողության հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող այլ հարցեր:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31