Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել:
Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել: Նկարագրածից կարելի էր ենթադրել, որ կողոպտողը երիտասարդ էր: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո կազմվեց օպերատիվ միջոցառումների պլան: Քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին` ձեռնարկելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, և արդյունքը չուշացավ: Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի Օստրովսկու փողոցի բնակիչ Գագիկ Սարգսյանը:
Դեպքի հաջորդ օրը, ժամը 11-ի սահմաններում, Սարգսյանը Սեբաստիա փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալը ոսկե շղթան գրավադրել է մայրաքաղաքի գրավատներից մեկում: Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն