Դեկտեմբերի 28–ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում մեկնարկել են ձյան մաքրման աշխատանքները: Տեղումների ինտենսիվությանը զուգահեռ, վաղ առավոտից գործընթացը ծավալվել է նաև մյուս վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին խուսափել առաջին երթևեկելի գոտիներում մեքենաները կայանելուց: Ձնամաքրումն իրականացվում է «Սանիթեք» ընկերության, ինչպես նաև համայնքին պատկանող շուրջ 150 միավոր հատուկ տեխնիկայի գործարկմամբ: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Հատկապես ռելիեֆային բարդություններով որոշ փողոցներում դժվարանցանելիության պատճառը ամառային անվադողերով երթևեկող մեքենաների վարորդներն են, որոնք թեև ժամանակավոր, բայց արհեստական կուտակումներ են առաջացրել: Ձնամաքրման աշխատանքներին ըստ անհրաժեշտության միացել են նաև համատիրությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն