ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին, որոնց աշխատակիցները փակել էին Երևան-Թալին ճանապարհահատվածը և պահանջում էին, որպեսզի ծրագրի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարի ենթակապալառուներին, որոնք էլ իրենց հերթին վճարեն օգոստոսից չվճարված աշխատավարձերը։
Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը և «Ծրագրերի իրականացման գրասենյակի» պատասխանատուները։
Պարզաբանվեց, որ նախարարությունը բարձրացված խնդրի կարգավորմանն ուղղված համապատասխան իրավական մեխանիզմներ չունի, այն չի գտնվում նախարարության անմիջական պատասխանատվության տիրույթում։
Նշվեց, որ աշխատանքների պատվիրատուն՝ նախարարությունը, կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հանդեպ կատարել է աշխատանքների վճարումների հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները:
Հակոբ Արշակյանը, ընդգծելով իր մտահոգությունը ստեղծված իրադրության շուրջ, նշեց, որ չնայած խնդիրը պետական մարմնի աշխատանքի արդյունքում չի առաջացել, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկի աջակցելու խնդրի կարգավորմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն