Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը շոշափելի անհամաձայնություններով, տարամետ շահերի խմբաքանակով հանդերձ, այդուամենայնիվ, ունեն խոսելու, քննարկելու ահռելի հարցեր. «Ժամանակ»

Դեկտեմբեր 28,2018 11:56

Ռուսաստանի նախագահի ողջույնի խոսքը բավականին ջերմ էր, և նա հայտարարեց, որ Մոսկվան կանի իրենից հասանելիք ամեն ինչ, որպեսզի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունը ավելի խորանա և զարգանա, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Իհարկե, դժվար է ասել, թե ինչ տրամադրություն է իշխել արդեն լրագրողական տեսախցիկներից հետո, սակայն, այդուհանդերձ, հատկանշական է, որ դրանց ընթացքում եղած մասը զերծ էր լարվածությունից:

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկան երկկողմ խնդիրներ: Իհարկե՝ ոչ: Բայց դա չի նշանակում, որ չկա երկկողմ հարաբերություն, որովհետև հարաբերությունը խնդիրների բացակայությունը չէ, այլ դրանք քննարկելու և լուծելու կարողությունը, անհամաձայնությունները ժամանակի ընթացքում հարթեցնելու, հատման կետ գտնելու կարողությունը: Եվ այս տեսանկյունից, մենք նկատում ենք հայ-ռուսական հարաբերության մեջ տեղի ունեցող այս տրանսֆորմացիան: Սրան կա, իհարկե, նաև այլ գնահատական, մասնավորապես այն համատեքստում, որ նոր իշխանությունը, իր բարձր լեգիտիմությամբ հանդերձ, շարունակում է հնի ռուսական վեկտորը, խոսում սերտ հարաբերության անհրաժեշտության, եվրասիական ինտեգրացիայի մասին: Այս թեման իսկապես կարևոր է, բայց հարցն էլ՝ իր հերթին շատ նուրբ:

Բանն այն է, որ դժվար է պատկերացնել Հայաստանի ռացիոնալ որևէ իշխանություն, որը չի խոսի ռուսների հետ այդ մասին: Եվ բանն այստեղ լոկ խոսելու համար խոսելը չէ: Բանն այն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շոշափելի անհամաձայնություններով, տարամետ շահերի խմբաքանակով հանդերձ, այդուամենայնիվ, ունեն խոսելու, քննարկելու ահռելի հարցեր, որովհետև ունեն նաև փոխադարձ շահերի շոշափելի խումբ: Եվ բուն հարցն այն է, որ երկկողմ հարաբերությունը կառուցվի այնպիսի ռացիոնալ, պրագմատիկ տրամաբանությամբ, որ երկու կողմի համար էլ հստակ լինի թե՛ համաձայնությունների տիրույթը, թե՛ շահերի բախման, և այդ հստակությունը կբերի նրան, որ այդուհանդերձ համատեղ շահերը բավականին ազդեցիկ են, և դրանք երկու կողմին էլ, կրկնում ենք՝ երկու կողմին էլ պետք է զսպեն անհամաձայնությունները երկկողմ հարաբերության արգելակ դարձնելու, դրանք միմյանց հանդեպ ճնշման կամ պարտադրանքի առիթ դարձնելու հարցում:

Այս ամենն էլ իր հերթին կարևոր է այն համատեքստում, որ հայ-ռուսական հարաբերության բնույթի այս հստակեցումն է, որ Հայաստանի համար բացելու է այլ ուղղություններով քաղաքականության ավելի լայն հնարավորություն՝ չպահանջելով առանձնակի լարում և միաժամանակ երկու ճակատով աշխատանք, անընդհատ հետ նայելու և տեսնելու համար, թե Մոսկվան հո չի՞ բարկանում: Այլ կերպ ասած՝ հայ-ռուսական հարաբերության այդ վերափոխումն է բացելու այլ ուղղություններով ավելի հանգիստ և անկաշկանդ հարաբերության հնարավորությունները, այդ թվում՝ թե՛ առաջին հերթին Արևմուտքի, թե՛ Իրանի, Չինաստանի և այլ կարևոր գործընկեր պետությունների:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31