Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է։ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): ՀՔԾ քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու համար:
Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքներն անմիջականորեն կապված են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ: Վահագն Հարությունյանը լուրջ շահագրգռվածություն ունի Ալավերդցի Վահագի գործով: Վահագն Հարությունյանը տևական ժամանակ գաղտնալսել է Ալավերդցի Վահագի հեռախոսազանգերը, որոնց ժամանակ իր հասցեին հայհոյանքներ է լսել, որի արդյունքում նրա նկատմամբ անձնական վրեժխնդրությամբ էր լցվել և որոշել էր իր դիրքն օգտագործել այդ վրեժը լուծելու համար:
Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը հաստատեց, որ Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքները կապված են Վահագն Աբգարյանի գործի հետ։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, Վահագն Աբգարյանի ձերբակալության օրը, երբ ինքն արդեն ստանձնել է Աբգարյանի պաշտպանությունը, վերջինս փաստաբանին պատմել է, որ իրեն ձերբակալելուց հետո տարել են Վահագն Հարությունյանի առանձնասենյակ, որտեղ ՔԿ պետի արդեն նախկին տեղակալը հայհոյանքներ է տվել Աբգարյանին, ասել է, որ նա ցմահ է նստելու, ինքը կորցնելու է Աբգարյանին։ «Այո, ինձ պատմեց, որ Վահագն Հարությունյանը այդ ժամանակ իրեն սպառնացել է՝ իր բառերով կորցնել Վահագին, ամեն ինչ անել, որ նա ցմահ նստի։ Բայց ես այդ ժամանակ այդ խոսակցություններին իրավական ընթացք չեմ տվել, քանի որ խոսակցությունը երկուսի մեջ է եղել, և ապացույց չի եղել։ Այս տրամաբանությամբ ես հաղորդում չեմ տվել»,- ասաց Ճարոյանը։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու է հիմա այդ հայտարարություններին ընթացք տրվել, փաստաբանը պատասխանեց՝ պարզվում է, որ Վահագն Հարությունյանը միայն Վահագն Աբգարյանին չի հայհոյել ու սպառնացել «ցմահ կորցնել», այլ Ալավերդցի Վահագի հետ նույն օրը ձերբակալված ևս երկու անձի՝ Գուրգեն Խաչատրյանին և գործով անցնող ևս մեկին։ Հենց Գուրգեն Խաչատրյանն է նամակով դիմել ՀՀ վարչապետին և ներկայացրել եղելությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ նամակը հասցեագրել է Հատուկ քննչական ծառայությանը։ ՀՔԾ-ն էլ իրականացրած քննության արդյունքում հարցաքննել է այդ անձանց, ու նրանց ցուցմունքների հիման վրա էլ Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը լրացվել է։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում