Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանում է «որոշ» լրագրողների ու լրատվամիջոցների, թե «իներցիայով եք աշխատում»՝ իշխանությունը փոխվել է, իսկ դուք նոր իշխանություններին վերաբերվում եք այնպես, ինչպես հներին էիք վերաբերվում։
Եվ այս սխալ տեսակետն իր նախարարներն էլ են թութակի պես կրկնում, փոխանակ մտորելու ասվածի շուրջ, ինչու չէ՝ առարկելու, բացատրելու նրան, որ հենց իշխանությունն է իներցիոն մոտեցում դրսեւորում ԶԼՄ-ներին։ Մենք նախկիններից էլ էինք լսում հանդիմանություններ․ «Ոչ մի լավ բան չեք տեսնում, միայն քննադատում եք մեզ»։ Իրականում ազատ խոսքն առաջին հերթին հենց քննադատությունն է, վատը, թերությունը տեսնելու ունակությունը։ Զարմանալի է, որ ով հայտնվում է իշխանական աթոռներին, դադարում է իրականությունն ադեկվատ ընկալել, իր շուրջը թերություններ տեսնել։ Իսկ լրագրողների գործը բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում մեկն է՝ նկատել սխալներն ու թերությունները, զգոն պահել իշխանավորներին, ներկայացնել հանրային դժգոհություններն ու բողոքները, բարձրաձայնել հասարակական խնդիրները։
Եթե մեր նոր իշխանություններին թվում է, թե մենք արդեն կատարյալ երկրում ենք ապրում, կամ նորանշանակ պետական պաշտոնյաներն իդեալական էակներ են եւ իրենց գործն էլ անթերի են կատարում, ապա դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Դա նշանակում է՝ անձերը փոխվել են, իսկ պրոբլեմները՝ մնացել։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում