Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
– հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար,
– հնարավորինս չմասնակցել զանգվածային միջոցառումների,
– բացառել հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը և սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար,
– խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
– հագնվել եղանակին համապատասխան,
– հաճախակի օդափոխել փակ տարածքները,
– օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
– պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
– եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ,
– հետևել անձնական հիգիենային:
Հիշեցնենք, որ գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Գրիպի հարուցիչները Ա, Բ և Ց տեսակի վիրուսներն են։ Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետևանքով:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի անձանց։
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
· ջերմություն (39-40°),
· հազ,
· կոկորդի ցավ,
· մարմնի ջարդվածության զգացողություն,
· հոգնածություն,
· գլխացավ։
Առողջապահության նախարարության հաղորդագրություն