Լրահոս
Օրվա լրահոսը

Մաղթում եմ բոլորիս

Դեկտեմբեր 28,2018 10:09

Նոր տարին, որը մենք հիմա նշում ենք, ի վերջո, չափազանց պայմանական եւ հարաբերական երեւույթ է: Երկրագունդը ինչպես պտտվում էր Արեւի շուրջը, այդպես էլ շարունակում է պտտվել եւ ոչ մի պահ չի դադարում դա անել: Այլ մշակույթներում, նաեւ մեր՝ հայկական նախաքրիստոնեական ավանդույթում, Նոր տարին արձանագրվում է մեկ այլ ամսաթվով, որը, այսպես ասած, «նույն իրավունքներն ունի», որքան հունվարի 1-ը:

Արդեն երկար տարիներ ինձ համար ավելի կարեւոր է Սուրբ ծնունդը, որը, ինչպես եւ Սուրբ հարության տոնը, մտորելու, կյանքը վերագնահատելու առիթ է տալիս: Մանավանդ այսօր՝ հետհեղափոխական այս կարճատեւ, բայց նշանակալից շրջանում «հավերժ հարցերի» մասին խորհելն ամենեւին չէր խանգարի: Ինչպես հայտնի է, Աստվածաշնչում նշվում են 7 մահացու մեղքերը՝ հպարտությունը (մեծամտությունը), նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը, բղջախոհությունը (կեղտոտ մտքերը): Ժամանակ առ ժամանակ վերցնում եմ այդ տխուր ցուցակը եւ համոզվում, որ այդ 7 մեղքերն էլ այս կամ այն չափով հատուկ են այս մոլորակում ապրող ցանկացած մահկանացուի, այդ թվում՝ ինձ:

Բայց հետհեղափոխական շրջանում հատկապես սրվում են մեղքերից երկուսը՝ նախանձն ու բարկությունը՝ «Ըհը՜, ա՛յ հիմա մենք լիուլի ձեզնից վրեժ կլուծենք»: Կարեւոր չէ, թե ովքեր են տվյալ դեպքում «մենք», ովքեր են՝ «նրանք», ումից պետք է վրեժխնդիր լինել՝ ինձ որ հարցնեք, զուտ հոգեւոր իմաստով այդ «մենք»-«նրանք» բաժանումը նույնպես պայմանական է: Կարեւոր է, որ նախանձն ու բարկությունը փոխվեն եղբայրասիրության եւ հեզության, իսկ մնացած խնդիրներով թող զբաղվի պետությունը՝ իրավապահ մարմիններն ու դատարանները: Ատելությունից, չարությունից, նախանձից, խանդից ազատվելը մաղթում եմ նախեւառաջ ինձ, իսկ հետո նաեւ՝ աշխարհի բոլոր մարդկանց:

Իսկ դրա ճանապարհը, իմ կարծիքով, ներքին խաղաղությանը հասնելն է: Այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, տիեզերական նշանակություն չունի. մի օր տրամադրությունս կարող է բարձր լինել, մի օր՝ ոչ այնքան, մի օր, հնարավոր է, մի տեղս ցավա, մի օր՝ ոչ, երբեմն ինչ-որ բան եմ ձեռք բերում, երբեմն՝ կորցնում, օրեր են լինում, որ նեղության մեջ եմ, լինում են նաեւ լիության օրեր, մի օր ձյուն կգա, մի օր արեւ կլինի: Այդ ամենը նորմալ է, պետք չէ դրա համար որեւէ մեկին մեղադրել, ու պետք չէ նաեւ դա չափից դուրս լուրջ ընդունել: Դրանք ալիքներ են, որոնք բարձրանում-իջնում են օվկիանոսի վրա, կարեւոր է, որ ինքը՝ օվկիանոսը, խաղաղ լինի: Հաճույք ստանանք կյանքի ամեն մի պահից, որքան էլ այն դժվար կամ թեթեւ լինի, մեզ շրջապատող ամեն մի մարդուց, շնչավոր եւ անշունչ առարկաներից, որքան էլ դրանք անկատար լինեն: Այդ անկատարության մեջ էլ կատարելություն փնտրենք: Ահա թե ինչ եմ բոլորիս մաղթում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Շնորհաւոր Սուրբ Ծնունդ Պ.Աբրահամեան – Որքան մարդկութիւն և քրիստոնէական շունչ կայ Ձեր
    գրութեան մէջ որուն ամբողջութեանը համամիտ եմ ;Մխիթարական է որ տակաւին քրիստոնիա հայ
    գոյութիւն ունի ; ՛՛ Կայ յաշխարհի չիք յանապատի ՛՛ ;

  2. Anonymous says:

    Ախմախ մարդը Թումանյանի հայ մարդու ագահ ու նախանձ տեսակն է, վերջը երկուսի համար էլ նույնն է՝ թող ուրիշները վայելեն, մենակ թե հարազատները չվայելի, մենք մեր պատմությանը արժանի ենք, ե՞րբ մենք մեր կեղտից կազատվենք, միգուցե դրանից հետո մարդ ու ազգ դառնանք, միգուցե մեզ լիքը այլազգի զիբիլ ա խառնվել, որ իրար բարեկամ լինելու փոխարեն չարեկամ ենք դառցել: Մեր Հայ ազնվականության ցավը տանեմ՝ համոզված եմ, այդպիսիք մնացել են:

  3. Հ.Շ. says:

    Կառավարութիւնը, ակնյայտօրէն անհեթեթ պատրուակով մը, դատական նիստ մը յետաձգել տուաւ, պարզապէս որպէսզի՝ տակաւին առանց որեւէ դատավարութեան, բացայայտօրէն անհիմն մեղադրանքի մը շնորհիւ, նախկին նախագահ մը Նոր Տարին բանտին մէջ անցընէ:
     
    Այսպէս, Նոր Տարիուայ իրենց քէֆը աւելի հաճելի կը դառնայ երեւի: Մի յաւելեալ կենաց մըն ալ կը խմեն իրենց այս մե՜ծ յաղթանակին համար:
     
    Այսքան ճղճիմութիւն, «պետութեան» բարձրագոյն ոլորտին մէջ, աներեւակայելի է:
     
    Հետեւաբար, բարի վայելում անոնց որոնք չեն խանգարուիր այս կացութենէն, սակայն թոյլ տուէք որ մնացեալներս մտքով ու սրտով Ռոբերտ Քոռարյանին հետ տօնենք այս Նոր Տարին:
     
    Մաղթելով որ Աստուած համայն երկիրն ու հայութիւնը չի պատժէր, այսքան չարութեան համար:

  4. Լավատես says:

    Սերը ցանկացած հիմար սկզբունք ու ձեւական ավանդույթ ի չիք է անում, ցանկանում են մեզ բոլորիս իսկական սեր՝ փոխադարձ սեր ու հայտնվել իսկական դրախտում՝ սիրային խելառություն ու աստվածային երկրային հաճույքներ:

  5. ԲԲ says:

    … երկար տարիներ ինձ համար ավելի կարեւոր է Սուրբ ծնունդը …
    Ձեր կողմից շարադրված այս տողերը ինձ թույլ են տալիս ենթադրել, որ Դուք գիտեք թե ում մասին է խոսքը և եթե գիտեք Նրան, ապա տրամաբանական է ենթադրել, որ հնարավոր չէ չիմանալ, որ միայն Նա է կարող տալ ներքին խաղաղություն՝ Նրա անուններից մեկը Խաղաղության Իշխան է: Իսկ եթե չգիտեք այս ամենը, ապա ենթադրելի է, որ Նրան չգիտեք: Ես շատ ուրախ կլինեմ, եթե այս ամենը՝ ինչ գրեցի, միայն ենթադրություն լինի…

    Նա մի անգամ մեկին ասել է, ՚՚Դու Ինձ հետ այսօր դրախտում կլինես՚՚ …

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/28/1005769/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31