Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. Մեր հանդիպումները չեն հերիքում հարցերի ամբողջ շրջանակը ամբողջ մանրամասներով քննարկելու համար

Դեկտեմբեր 28,2018 01:16

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից։ Քիչ առաջ, նա ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով ներկայացրեց Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի արդյունքները։

«Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերվում էր մեր հարաբերությունների հետագա ռազմավարության զարգացմանը։ Հիմնականում այդ ռազմավարության շուրջ եղավ մեր քննարկումը, և կարող եմ արձանագրել, որ ըստ էության, այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում ամփոփել են ութ ամիսների արդյունքները:

Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցի վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել: Քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը. «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք հետագայի համար նախատեսեն իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր տեղի չունենան»:

Փաշինյանը նշեց, որ գազի գնի հետ կապված որոշում դեռ չկա. գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. «Իհարկե՛, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա զգայուն թեմա է և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում: Բայց, ընդհանուր առմամբ, ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ, և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

Վարչապետի պաշտոնակատարը համոզված է, որ ամեն այսպիսի հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերությունները հարստանում են, նրա խոսքերով՝ սա մի նոր շրջան է երկրների պատմության մեջ. «Դե ֆակտո գոյություն ունեցող բովանդակությունը նոր ձևակերպում է ստանում, և ըստ էության, այդ բովանդակության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեզ հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման: Ամեն անգամ մենք արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները այնքան բազմաշերտ և այնքան ընդգրկում են, որ երբեք ու երբեք մեր հանդիպումները և շփումները չեն հերիքում այդ հարցերի ամբողջ շրջանակը ամբողջ մանրամասներով քննարկելու համար: Ինչը նշանակում է, որ շփումները պետք է շարունակվեն»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1228510880633848/?notif_id=1545942737400064&notif_t=live_video_explicit

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31