Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտրողն ակնկալում եւ սպասում է

Դեկտեմբեր 28,2018 15:30

Սկիզբը

Մյուս հրատապ խնդիրը Ընտրական նոր օրենսգիրքը փոխելն է: Այս դեպքում եւս վախ ունեմ, որ խորհրդարանական կայուն մեծամասնությունը չի շտապի այս հարցում՝ իբր ելնելով այն հանգամանքից, որ հաջորդ ընտրությանը դեռեւս 5 տարի ժամանակ կա: Այնինչ այս խնդիրը հրատապ է՝ եւ դրա լուծման անհրաժեշտությունը բխում է այն պատճառաբանությունից, որն ուներ Ն. Փաշինյանը, երբ փորձում էր շտապ ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, ինչը փառավորապես տապալվեց: Այս հարցում Հանրապետականը մի անգամ եւս ցուցադրեց իր անհեռատեսությունը, հակառակ դեպքում այսօր կդառնար խորհրդարանական կուսակցություն: Լավ կլինի, որ բոլորս հիշենք, որ մեր արածը, լավ թե վատ, անպայման վերադառնում է: Բացի այդ, նոր օրենսգրքով, բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է լուծել մի այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին է կուսակցությունների ֆինանսավորման հարցը: Գործող օրենսգրքով թեկնածուներն ուրախությամբ վերածվում են «Բարբի» տիկնիկների, մոդելների եւ այլ գեղեցիկ ապրանքների, որոնք հարկավոր փաթեթավորմամբ գովազդվում են վաճառքի համար: Թեկնածուները, կարծում եմ, պետք է ոչ թե թանկարժեք ծախսեր պահանջող գովազդի, այլ իրենց բազմամյա քաղաքական գործունեությամբ արժանանան ընտրողի վստահությանը: Հետեւաբար օրենսգրքով պետք է արգելվեն բոլոր թանկարժեք ծախսերը նախընտրական քարոզչական ժամանակաշրջանում, առավել եւս, որ մինչ օրս լուծված չէ կուսակցությունների ֆինանսավորման խնդիրը: Ողջ քաղաքակիրթ աշխարհում նկատվում է աճող ֆինանսների օժանդակությամբ ընտրությունների կազմակերպումը, ինչն, իմ համոզմամբ, անթույլատրելի է, եւ արգելելով նման ծախսերը՝ կարող ենք դառնալ օրինակելի մյուսների համար: Բոլոր թեկնածուները պետք է մշտապես հիշեն, որ իրենք ո՛չ դերասան են, ո՛չ մոդել, ոչ էլ ապրանք, որ կարող է վաճառվել միայն գովազդի շնորհիվ: Թեկնածուն իր ինչպիսին լինելը պետք է ցույց տա տարիների ընթացքում իր աշխատանքով, իր պարկեշտությամբ, իր դաստիարակությամբ, վերջապես իր բարոյական հատկանիշներով եւ տրամաբանական գործողություններով ու կրթվածությամբ, բայց առանց սոփեստական հռետորաբանության եւ դեմագոգիայի:

Մյուս հրատապ խնդիրը ընդդիմության կարգավիճակն է: Ե՛ւ Սահմանադրությամբ, ե՛ւ ամբողջ օրենսդրությամբ (եւ առաջին հերթին՝ խորհրդարանի կանոնակարգով) ընդդիմությունը չի կարող լուծել որեւէ լուրջ հարց, բացի պատգամավորի անձնական կարիքներից: Թե ինչ անհրաժեշտ լծակների կարիք ունի ընդդիմությունը՝ այդ մասին հիանալի գիտի այսօրվա իշխանությունը, որը ոչ վաղ անցյալում ընդդիմություն էր: Այսօրվա իշխանությունը պետք է այդ հարցը լուծի ե՛ւ օրենսդրորեն, ե՛ւ իր վարքագծով՝ ընդդիմությանը տալով այն ամենը, ինչը կուզեր ինքն ունենար, երբ ինքն ընդդիմություն էր: Օրենսդրորեն ամրագրելով այդ ամենը՝ իշխանությունը դա կատարում է թերեւս առաջին հերթին իր համար, որքանով վաղը ինքը անխուսափելիորեն դառնալու է ընդդիմություն:

Ինչ վերաբերում է ընդդիմության վարքագծին, ապա, իմ պատկերացմամբ, որքան էլ որ տարօրինակ հնչի, ընդդիմությունը պետք է սատարի իշխանությանը բոլոր այն հարցերում, որոնք ուղղված են ժողովրդի բարեկեցությանը, պետության անվտանգությանը, այսինքն՝ պետք է պայքարի հանուն ինչ-որ նպատակների: Դրանով իսկ ընդդիմությունը պետք է իր վրա կարողանա վերցնել որոշակի պատասխանատվություն եւ այդ չափով հաշվետու լինել հասարակությանը: Իր հերթին իշխանությունը այնքան վեհանձն պետք է գտնվի, որ ընդունի ամեն մի դրական առաջարկություն՝ ըստ արժանվույն գնահատելով այն, եւ ուրախ լինի, որ պատասխանատվության մի մասը ստանձնում է ուրիշը: Եվ այդ վեհանձնությունը կարժանանա բարձր գնահատականի ընտրությունների ժամանակ:

Չեմ ուզում երկարաբանել, միայն ասեմ, որ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության աշխատանքը, անմիջական պարտականությունը հանուն ընդհանուր գործին ծառայելն է, եւ անհրաժեշտ է ոչ թե ցուցադրել, այլ նպաստել, ձեր ներդրումը ունենալ: Հավատացե՛ք, ժողովուրդը արդար դատավոր է եւ ի վիճակի է տալ ձեր աշխատանքի ճիշտ գնահատականը:

Այսօր արդեն ընդդիմության երկու թեւը իրենց բանն ու գործը թողած զբաղված են անպտուղ, ոչինչ չարժեցող վեճով. բա դո՞ւ, բա ե՞ս…

Լավ էլի՛, մենք բան ու գործ չունե՞նք՝ նստենք ու լսենք ձեր անլուրջ բանավեճը: Կարծում եմ՝ դուք արդեն երեկ պետք է նստեիք ու համատեղ քննարկեիք ձեր անելիքը նոր խորհրդարանում: Կազմեք խորհրդարանի նոր օրակարգը, քննարկվելիք հարցերի առաջնահերթությունը, էլ չասած՝ կազմակերպական հարցերը: Լրջանալու պահը վաղուց հասունացել է, գտեք ձեր բարձունքը:

Մյուս հրատապ խնդիրը, կարծում եմ, կուսակցությունները կարգի բերելն է, վերջապես ե՞րբ պետք է ձերբազատվենք գրպանային կուսակցություններից, ստեղծենք առողջ կուսակցական համակարգ, ազատվենք «ՉՏՋՊՖ»-ի բարդույթից, լուծենք կուսակցությունների ֆինանսավորման հարցերը, որ դրանք չմնան այս կամ այն մեծահարուստի քմահաճույքին: Այս ամենի մասին արդեն առիթ եղել է խոսելու («Ինչո՞ւ չենք ունենում ընդդիմություն», «Առավոտ», 10.10.2018), ուստի սահմանափակվենք այսքանով: Սահմանափակվենք նաեւ այն մյուս կարեւորագույն հարցերի հրատապությունը քննարկելուց, որոնք բազում են եւ վաղուց սպասում են իրենց լուծմանը:

Այժմ ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ ամենալայն առումով ըմբռնված մշակույթի կարեւորությանը, ինչը չարժանացավ նախընտրական քարոզչության ուշադրությանը, այնինչ հասարակության առաջընթացի ելակետը հենց մշակույթն է: Վերջին երկու տասնամյակից մեզ մնացած ամենածանր բեռը, իմ համոզմամբ, ոչ թե եւ ոչ այնքան կոռուպցիան է, անմխիթար տնտեսությունը, կրթական ու առողջապահական համակարգը (չթվարկեմ, դրանց մասին շատ է խոսվել) եւ այլն, այլ այն հասարակական գիտակցությունը, որ ձեւավորվել է մեզանում, երբ «ջիպը» դարձել է մարդկանց երազանքը, երբ դպրոցականի հերոսը դարձել է փող ունեցողը, խոսակցական լեզուն դարձել է գողականը, վեճերի լուծման եղանակը դարձել է «ռազբիրատը», երբ սիրած երաժշտությունը «ռաբիսն» է, երբ գիրքը դարձել է անպետքությունը… Հայ ժողովրդի արժեքները «հաջողությամբ» մոռացության են տրվել:

Չի կարող զարգանալ տնտեսությունը, տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այնտեղ, որտեղ «գցելը» դարձել է բարձր մշակույթ, որտեղ գործատուն աշխատողին պահում է ստրկական վիճակում (իսկ աշխատողը մտածում է, թե ինչ կարելի է թռցնել) եւ չի հասկանում, որ ձեռնտու է աշխատողին լավ վարձատրել, որովհետեւ դա խթանում է արտադրությանը (ինչը ավելի քան հարյուր տարի առաջ կատարեց Ֆորդը ԱՄՆ-ում), երբ գովազդը ծառայում է խաբեությանը, երբ բացակայում է սպասարկման տարրական մշակույթը, երբ մարդկային պարզ հարաբերություններում բացակայում են մարդկությունն ու պարկեշտությունը, երբ նախարարն ու պատգամավորը… (վախենում եմ ասել ինչպիսին են):

Չի կարող նորմալ տնտեսություն լինել այնտեղ, որտեղ գործում է այսօրվա հարկային, մաքսային քաղաքականությունը: Չի կարող լինել ներդրում այն երկրում, որտեղ քաղաքացին իր միջոցները ոչ թե ներդրում է կատարում, այլ պահում է բանկերում: Այսօր ՀՀ բանկերում կա ավելի քան 2,5 տրիլիոն դրամ (5 միլիարդ դոլարից ավելի): Չի կարող տնտեսություն զարգանալ այն երկրում, որտեղ բանկերը վերածվել են վաշխառուական կազմակերպությունների, եւ այդ ամենը՝ շնորհիվ գործող օրենսդրության:

Այսօր մեզանում չկա իրավունքի գերակայության ըմբռնում, իրավական գիտակցություն, իրավական մշակույթ, սահմանադրական մշակույթ, քաղաքական մշակույթ: Այսօրվա սերունդը հասկանո՞ւմ է, որ Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակի հիմքը դրել են Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Անանիա Շիրակացին, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Շնորհալին… Ո՞ւր է մեր քաղաքական, մշակութային, գիտական էլիտան:

Անցյալ դարի 60-80-ական թվականներին Հայաստանն ուներ մի քանի տասնյակ խոշորագույն մտածողներ գիտության ու մշակույթի բոլոր բնագավառներում: Եվ այդ ամենը վերջին երկու տասնամյակում մենք մսխեցինք, փոշիացրինք այդ մեծագույն հարստությունը: Չեմ կարող չհիշատակել մեծ մտածող Սեն-Սիմոնի խոսքերը. «Եթե Ֆրանսիան հանկարծ կորցնի իր 50 լավագույն գիտնականին, իր 50 լավագույն դերասանին, իր 50 լավագույն ֆաբրիկանտին, իր 50 լավագույն գյուղատնտեսին, ապա ազգը կդառնա առանց հոգու մի մարմին, այն կլինի գլխատված եւ կկորցնի իր վեհությունը: Սակայն եթե ազգը կորցնի իր ամբողջ ծառայական անձնակազմը, երկիրը դրանից առանձնապես մեծ վնաս չի կրի»: Հիշենք նաեւ, որ ազգի մեծերն են ազգը ձեւավորում:

Ասվածից, կարծում եմ, միանգամայն պարզ է, թե ինչ ծանրագույն բեռ է իր ուսերին դրել նոր իշխանությունը, հետեւաբար պետք է ապացուցի, որ ի վիճակի է այն դանդաղ (ծանր բեռ ունեցողը չի կարող արագ), բայց հաստատուն քայլերով առաջ տանել:

Մենք՝ ընտրողներս, նույնպես պետք է կարողանանք համբերատար սպասել այդ քայլերին, մեր ուժերի սահմաններում սատարենք նոր իշխանությանը, բայց եւ աչալուրջ լինենք, որ հանկարծ չխոտորվի ուղիղ ճանապարհից:

Աստված մեզ օգնական: Բայց եւ չմոռանանք, որ Աստված օգնում է բարի գործ կատարողին:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

27.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31