Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քաղաքապետը ամանորյա անակնկալ էր որոշել մատուցել՝ ընդունենք տուրքերն այնպես, ինչպես կա, հետո կփոխենք»

Դեկտեմբեր 28,2018 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի ավագանու որոշման՝ տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման, փողոցային առեւտուրը կարգավորելու եւ այլ հարցերի շուրջ բանավիճում են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նելլի Բաբայան.- Արդյոք այս որոշումից տուժելո՞ւ են փոքր ու միջին ձեռներեցները, ո՞ր տեսակի բիզնեսի վրա է տարածվում որոշումը: Կարծես թե ավագանին որոշակի արտոնություններ է նախատեսում մանր բիզնեսի համար:

Դավիթ Խաժակյան.- Ամսի 17-ին «Լույս» խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով բյուջեում եղած թերությունները, ու զուգահեռաբար թեման բացվեց նաեւ տեղական տուրքերի մասին: Նույն օրը երեկոյան մենք ունեցանք ֆինանսավարկային հանձնաժողովի նիստ, որտեղ ներկայացրեցինք մեր տեսակետներն այն մասին, որ տուրքի բարձրացումը բենզալցակայանների, գազալցակայանների վրա որոշակի ազդեցություն ունենալու է եւ թիրախային առումով ազդելու է փոքրի ու միջինի վրա: Եվ ամենակարեւորն է՝ տուրքերի մասով ազդեցություն է ունենալու հանրային սննդի կետերի, վաճառքի կետերի վրա, որովհետեւ այն թիվը, որն ավելանում է ժամը 24:00-ից հետո աշխատելու դեպքում, չնչին է լինելու խոշոր սուպերմարկետների, սննդի խոշոր ցանցերի համար: Իրենք նույնիսկ ուրախ կլինեին, որ իրենք պետք է վճարեն այդ գումարը, իսկ փոքր ու միջինը կրկին նույն չափ, որովհետեւ ՓՄՁ-ի համար դա անհամաչափ մեծ բեռ կլիներ: Նախ՝ պետք է արձանագրենք, որ երկուշաբթի օրը (նիստի նախորդող օրը-Ն. Բ.) ֆինանսավարկային հանձնաժողովում այդ նախագիծն ինչպես կար՝ ստացավ դրական եզրակացություն եւ առաջ անցավ այն առումով, որ ավագանիում պետք է քննարկվեր: Մենք դրա մասին բարձրաձայնեցինք, եւ մեզ տրվող պատասխաններն այսպիսին էին՝ ազդեցությունը չնչին է լինելու, եւ այն հիմք չի լինի վաճառքի կամ սննդի կետերի փակման համար: Հունվար ամսվա սկզբից հանրային սննդի կետերը եւ վաճառքի կետերը, որպեսզի 24:00-ից հետո շարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատել էին, պետք է ամսական վճարեն 250 հազար դրամ՝ նախկին 175 հազարի փոխարեն: Այս գումարը վճարվելու է միանվագ, որպեսզի լիցենզիա ստանան: Եվ եկավ երեկ՝ ավագանու նիստի օրը, երբ քաղաքապետը երեւի ամանորյա անակնկալ էր որոշել մատուցել ավագանուն, բերեց փաստարկ՝ եկեք ընդունենք տուրքերն այնպես, ինչպես կա, հունվար ամսին մենք կբերենք փոփոխության նախագիծ, որն արտոնություն կսահմանի փոքրի ու միջինի համար՝ ըստ շրջանառության հարկի: Մենք բերեցինք մեր առարկությունները:

Ն. Բ.- Արդյոք մինչեւ արտահերթ նիստի որոշումը գործարարը պե՞տք է արդեն տուրքի բարձրացված դրույքաչափը վճարի:

Դ. Խ.– Նախ պետք է ասենք, որ Նոր տարվա օրն էլ, հաջորդ օրն էլ վաճառքի կետեր կան, որ աշխատում են նաեւ 24:00-ից հետո: Այդ տնտեսվարողները, որպեսզի կարողանան 24:00-ից հետո թույլտվություն ունենան աշխատելու, պետք է այս տարի այդ վճարումը կատարեն: Հետեւաբար այդ արտոնությունը կամ իրենց չի վերաբերի, կամ հետո լրացուցիչ քաշքշուկների մեջ կընկնեն՝ գնան տեղեկանք վերցնեն, դիմում գրեն, որպեսզի այդ արտոնությունից օգտվեն՝ գումարը հետ պահանջեն:

Գրիգոր Երիցյան.- Երեկվա աղմկահարույց եւ շատ երկար մեր նիստից հետո այսօր մի շարք շահարկումներ եղան: Օրվա ընթացքում շահարկվում էր տուրքերի բարձրացման հարցը, բայց կարծես թե պարոն Խաժակյանի եւ նրա գործընկերների վարքագիծը ստվերեց այդ հարցը, եւ այսօր համացանցում այլ բաներ էին քննարկվում: Վերադառնալով տուրքերի դրույքաչափերին՝ մեկ անգամ եւս վերահաստատում եմ մեր խմբակցության այն մոտեցումը, որ այդ բարձրացումը ոչ մի կերպ չի վնասում փոքր ու միջին ձեռնարկատերերին, սրանք ընդամենը շահարկումներ են: Մինչեւ նախագծի ընդունումը սուտ լուրեր եւ կեղծիքներ էին տարածվում այնպիսի գոյություն չունեցող խնդիրների մասին, որոնք ֆանտազիայից դուրս են: Ես մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին վստահեցնում եմ՝ եթե ձեր տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58.3 միլիոն դրամը, դուք անհանգստանալու կարիք չունեք: Անհանգստանալու առիթ որոշակի առումով ունեն խաղատները, սթրիփ-ակումբները, գիշերային ակումբները, վիճակախաղերով զբաղվող ընկերությունները, որոնց վրա անգամ այնքան փոքր է ազդեցությունն իրենց շահույթի համեմատ, որ կարելի է ասել՝ նրանց վրա էլ չի ազդելու: Ես սոցիալական արդարության կողմնակիցն եմ ու չեմ կարծում, որ փոքր կրպակը, որն աշխատում է 24:00-ից հետո, պետք է նույն ձեւով հարկվի, ինչպես ՍԱՍ կամ «Երեւան-սիթի» սուպերմարկետները: Միանշանակ, դա ճիշտ չէ: Մեր քաղաքի տուրքերը չպետք է ձեւավորվեն խոցելի քաղաքացիների, փոքր տնտեսվարողների հաշվին, այլ հենց նման բիզնեսների հաշվին, որոնք, այսպես ասած, մի լավ բան չեն բերում քաղաք՝ խաղատների գործունեությունը կամ նման մյուս բզինեսների: Ես վստահ եմ՝ սա սոցիալական արդարությանը միտված նախագիծ էր, որին մենք կողմ քվեարկեցինք միայն այն պայմանով, որ հունվարի 15-ի նիստում արտոնություններ կսահմանվեն, եւ փոքր ու միջին բիզնեսը կազատվի այս տուրքերից: Այս ամենը շահարկվում է նաեւ երաժշտական դպրոցների վարձերի բարձրացման մասով: Չկա նման բան:

Դ. Խ.- Ինչպե՞ս չկա, տեղական վճարների բարձրացումով՝ կա:

Գ. Ե.- Բայց քաղաքացու վրա բեռ չի ավելանում:

Դ. Խ.- Բայց ինձ, որպես ավագանու անդամի, հետաքրքրում է, թե քաղաքի բյուջեից ինչո՞ւ պետք է լրացուցիչ գումար գնա, ինչ է թե կրթության նախարարությունն այլ բան է նախատեսել:

Գ. Ե.- Երաժշտական դպրոցներում եւ բոլոր այն հաստատություններում, որտեղ ավելացել են տուրքերը, եւ քաղաքապետարանը սուբսիդավորելու է, նախ՝ կրթության որակի հարց է լուծվում:

Դ. Խ.- Ո՞վ ասաց:

Գ. Ե.- Ես եմ ասում:

Դ. Խ.- Որտեղի՞ց գիտեք: Նախագիծ կա՞ աշխատավարձերի բարձրացման:

Գ. Ե.– Եթե աշխատավարձը քիչ է, բնականաբար, այդ հաստատության ուսուցիչն ավելի վատ ծառայություն է մատուցում, եւ ծնողի վրա այս բեռը դնելու փոխարեն՝ մենք այս բեռը վերցնում ենք քաղաքի վրա: Չի բարձրանալու ծնողի, աշակերտի համար:

Եվ եթե հանկարծ նման նախագիծ բերվի, որ ծնողը, ասենք՝ 1000 կամ 2000 դրամ ավելի պետք է վճարի, մենք կլինենք առաջինը, որ այդ նախագիծը չենք ընդունի:

Դ. Խ.– Սա հենց այդպիսի նախագիծ է՝ ի տարբերություն նախորդ տարվա:

Գ. Ե.– Սա այդպիսի նախագիծ չէ: «Լույս» դաշինքն ունի ընդդիմություն դիրքավորվելու շատ մեծ խնդիր:

Դ. Խ.– Ոչ, ընդդիմությունն ի՞նչ կապ ունի: Երբ նման բան եք ասում՝ հիմնավորեք, այսինքն՝ երբ ես ասում եմ, որ նախատեսված է նախորդ տարի 17 հազար 500 դրամ տեղական վճարների նախագծով, այս տարի նախատեսված է 21 հազար դրամ, եւ լրացուցիչ այդ գումարը պետք է համայնքի բյուջեից դուրս գա…

Գ. Ե.– Քաղաքացու վրա դա բե՞ռ է, թե՞ ոչ: Համացանցում դուք ասում եք՝ բեռ է:

Դ. Խ.– Քաղաքացու վրա դա այս տարի բեռ չէ, բայց մենք ենթադրում ենք, որ նոր իշխանությունները տարբերվում են իրենց մոտեցումներով նախորդ իշխանություններից, եւ եթե նախորդ իշխանությանը ներկայիս կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը քննադատեց, ասաց՝ սահմանելով 8 հազար դրամ երաժշտական դպրոցի համար, դա բարձրացում է բազմաթիվ երաժշտական դպրոցների համար, մենք կարծում էինք, որ դուք դա պետք է կանխեիք գոնե այս տարի:

Գ. Ե.– Գիտեք, մեր օրակարգում նախեւառաջ որակն է այդ հաստատությունների, ոչ թե նրանց ֆիզիկական գոյությունը՝ առաջին հերթին, եւ մեր մոտեցման մեջ տարբերություններ կան: Դուք անընդհատ փորձում եք ասել՝ որն է նոր եւ հին իշխանությունների տարբերությունը: Չգիտեմ՝ դուք երեւի լավ չեք հիշում ձեր գործունեությունը նախկին իշխանությունների օրոք, բայց եթե լավ հիշում եք՝ չպետք է համեմատեք: Գոնե մենք ձեր նկատմամբ հարգալից ենք վերաբերվում՝ ի տարբերություն ձեզ:

Դ. Խ.– Ո՞րն է այդ անհարգալիցը:

Գ. Ե.– Երբ կոչ եք անում քնել եւ արթնանալ աղբի նկարներով, նույն կոչն անում էր Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանին, Տարոն Մարգարյանի ավագանին արժանի էր, որովհետեւ նա չէր ընտրվել 80% ձայնով: Դուք այդպես վիրավորում եք մեզ, մեր ընտրողներին, մեր քաղաքացուն:

Բանավեճն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հաղորդումը վարեց ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31