Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսաբնակ սոպրանո Գոհար Հակոբյանը կարիերա է անում միաժամանակ 3 ուղղություններով

Դեկտեմբեր 28,2018 13:30

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հրավիրված մենակատարների մասնակցությամբ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հեղինակային երեկոյին առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ Բելառուսում բնակվող օպերային սոպրանո Գոհար Հակոբյանը: Երգչուհու կատարմամբ առաջին անգամ հնչող կոմպոզիտորի՝ Էլիտա Հարությունյանի խոսքերով «Աղոթք» երգը ընդունվեց բրավոներով: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ երեւանյան համերգի օրը երգչուհին հրավիրված էր մասնակցելու Մինսկում ավանդաբար անցկացվող Սուրբ Ծննդյան տոներին նվիրված օպերային երգիչների հեղինակավոր միջազգային մրցույթին, բայց նա նախընտրել էր երեւանյան բեմը: Ասաց նաեւ, թե երիտասարդ արվեստագետը ժամանակին նախընտրել է ուսանել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, մինչդեռ նրան Կալինինգրադում անցկացվող Զառա Դոլուխանյանի անվան միջազգային մրցույթում 2008-ին նկատել է անվանի երգչուհի Ռուզաննա Լիսիցյանը եւ հրավիրել Մոսկվա՝ մասնակցելու լսումների՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում իր դասարանում ուսանելու համար:

Գոհար Հակոբյանը պատմեց, որ ինքը շատ փոքր հասակում ընտանյոք Երեւանից տեղափոխվել են Կալինինգրադ, որտեղ էլ ստացել է նախնական երաժշտական կրթությունը, սովորել տեղի երաժշտա-թատերական դպրոցում, ապա Ռախմանինովի անվան երաժշտական քոլեջում՝ ճանաչված սոպրանո, ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Միդինայի դասարանում: Իսկ թե ինչու է որոշել մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալ Երեւանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կալինինգրադում բուռն է մշակութային կյանքը մասնավորապես երաժշտարվեստի ոլորտում, հաճախ են հրավիրվում ոչ միայն ճանաչված, այլեւ կարիերան նոր սկսող երիտասարդ արվեստագետներ: Երեկոներից մեկի ընթացքում ներկա գտնվելով Երեւանի կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի պրոֆեսոր Նելլի Փիրումովայի ուսանողների դասարանական համերգին, որոշում կայացրի անպայման ուսում ստանալ Երեւանում, հենց տիկին Փիրումովայի ղեկավարությամբ: Ոչ միայն մասնագիտական, այլեւ ճակատագրական եղան ուսումնական տարիներս. այստեղ հանդիպեցի սաքսոֆոնահար Դավիթ Բադալյանին, կազմեցինք ընտանիք եւ հիմա բնակվում ենք Մինսկում»:

«Via Goar» անսամբլը:

Շուրջ մեկամյա ստեղծագործական կենսագրություն ունեցող երգչուհուց հետաքրքրվեցինք նրա կարիերայով. «Կարճ ժամանակահատված է, ինչ Մինսկի պետական ֆիլհարմոնիայի հրավիրյալ մեներգչուհի եմ, ունեցել եմ երկու մենահամերգ: Վերջերս կայացած երեկոյից հետո էլ ճանաչված դաշնակահար, ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար Յուրի Գիլդյուկը առաջարկեց եկող տարի եւս հանդես գալ, հատկապես մենահամերգի ձեւաչափով: Մինսկում հաճախ եմ հանդես գալիս «Via Goar» անսամբլով, որի երաժիշտները՝ դաշնակահար Ալիսա Վետրովան, ջութակահար Ալեքսանդր Չեռնովը, թավջութակահար Իլյա Գոնչարիկը եւ անսամբլի ղեկավար՝ տարբեր փողային գործիքների վիրտուոզ կատարող Մաքսիմ Ռասսոխան, մեծ համբավ ունեն ոչ միայն Բելառուսում, այլեւ արտասահմանում»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ համերգներին, որտեղ հանդես է գալիս համաշխարհային օպերային գրականությունից հայտնի արիաներով, ռուս եւ եվրոպացի հեղինակների ռոմանսներով, հանդիսատեսը առանձնակի ջերմությամբ է ընդունում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Բաբաջանյանի եւ մյուս հայ անվանի հեղինակների ստեղծագործությունները: Արվեստագետը հայտնեց նաեւ, որ իր նպատակն է 2019-ին մասնակցել Մեծ թատրոնում կայանալիք լսումներին, ինչպես նաեւ շարունակել մասնակցությունը հեղինակավոր մրցույթների: Ասաց նաեւ, որ Նարինե Զարիֆյանի «Աղոթք» երգը արդեն ունի տեսահոլովակ, որի հեղինակը ռեժիսոր Անդրեյ Գոլուբեւն է, իսկ ձայնագրությունը կատարել է հնչյունային ռեժիսոր Հմայակ Ռոստոմյանը, Երեւանում: Հարցին՝ կողմնորոշվե՞լ եք՝ ո՞ր ժանրում եք ստեղծագործելու՝ օպերային, սիմֆո-պոպուլյար, թե՞ շոու-բիզնես, երգչուհին պատասխանեց. «Ես օպերաիյն երգչուհի եմ եւ բացի դասական ոլորտից, ինչու չէ՝ մուտք կգործեմ նաեւ շոու-բիզնես: Ի դեպ, հենց այդ նպատակով տիկին Զարիֆյանի երգի համար անգլերեն խոսքեր է գրել Ալիսա Դարբինյանը»:

Նարինե Զարիֆյանի հետ:

Դիտարկմանը՝ միաժամանակ մեկ-երկու ժանրում «երեւալու» համար միանշանակ անհրաժեշտ է պրոդյուսեր, Գոհար Հակոբյանը ժպտալով պատասխանեց. «Այդ գործերով զբաղվում է ամուսինս՝ Դավիթը, որը հիանալի երաժիշտ է, համագործակցում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Լարա Ֆաբիանը, Էննիո Մորիկոնեն, Իգոր Կրուտոյը, Ֆիլիպ Կիրկորովը եւ ուրիշներ: Իսկ երազանքս է ցանկացած օպերային թատրոնում, իհարկե՝ նաեւ Երեւանի, առաջին անգամ հանդես գալ ինձ սրտամոտ Ջիլդայի դերերգով՝ Վերդիի «Ռիգոլետոյում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

27.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել