Երիտասարդ՝ չի նշանակում արդյունավետ եւ բեղուն
Լուսանկարում պատկերված պաստառը փակցված է Երեւանի տարբեր վարչական շրջանների կանգառներում։ Ես տեսել եմ Քանաքեռ-Զեյթունում եւ Կենտրոնում։ Պաստառում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Առնվազն հասկանալի չէ, եթե չասենք ծիծաղելի եւ անհեթեթ է, տուրիստական կազմակերպության տրամաբանությունը՝ երկրի զբոսաշրջային գրավչությունը կապել որեւէ պետական չինովնիկի տարիքի հետ։ Եթե անգամ երկրի մի պաշտոնյա Եվրոպայում ամենաերիտասարդ պետական չինովնիկն է, դա դեռ չի նշանակում, որ երկիրը զբոսաշրջության լավագույն վայրն է։ Հյուսիսային Կորեայի ղեկավարն էլ երիտասարդ է, բայց ոչ ոք չի գովազդում «Հյուսիսային Կորեա» զբոսաշրջային ուղղությունը։
Երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար, լուրեր եղան, թե նա տուրիստական մի կազմակերպությունում վատ աշխատանքի համար հեռացվել է աշխատանքից։ Երիտասարդը հերքեց լուրերը, բայց չասաց, որ չի աշխատել նման կազմակերպությունում: Իսկ նրա՝ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրականում ոչ մի խոսք չկա տուրիստական կազմակերպությունում աշխատելու մասին: Նախարարը թաքցնում է կենսագրականի այդ հատվածը: Եթե ամեն ինչ մաքուր է, ո՞րն է թաքցնելու իմաստը: Իսկ ո՞վ կասի, գուցե հենց նախարարի տարիքը զբոսաշրջիկ գրավելու գործոն համարող այս կազմակերպությունում է աշխատել Մխիթար Հայրապետյանը։
Փիլիսոփա Սոկրատեսը վստահ էր, որ պետք է հարգել մարդու խելքը եւ ոչ թե տարիքը։ Անգամ եթե առողջական խնդիրների պատճառով բանակում չծառայած, սակայն պետական պաշտոնի համար քաջ առողջություն ունեցող Մխիթար Հայրապետյանը ամենաերիտասարդ նախարարն է, դա դեռ չի նշանակում, որ ամենահմուտն է, եռանդունը, ժիրը, առույգը, արդյունավետը, բեղունը։ Միակ բանը, որ նախարարի պաշտոնում արել է նա, «Արի տուն» ծրագրի անվանափոխությունն էր՝ «Քայլ դեպի տուն»։ Հա, մի բան էլ. այս ամռանը իրեն խորհրդական նշանակեց ընկերոջը՝ Վաղարշակ Հակոբյանին, հետո պարզվեց, որ Վաղարշակը այդ պաշտոնի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված չափանիշներին չի համապատասխանում, նախարարը նրան հեռացրեց։ Ու հիմա ԱԺ հեղափոխական մեծամասնությունը որոշել է, որ նորընտիր խորհրդարանում սույն երիտասարդը զբաղեցնելու է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ի՞նչ պիտի սովորեն երիտասարդներն այս պաշտոնյայից՝ թաքցնե՞լ սեփական կենսագրության մի հատվածը, աշխատել առանց օրենքներին ծանոթանալո՞ւ։
Ակնհայտ է, որ գործադիրում աշխատելիս օրենքներին անտեղյակը նույն «փութաջանությամբ» է աշխատելու նաեւ օրենսդիրում։ Անտեղյակ եւ սովորելու, տեղեկանալու ցանկության բացարձակ բացակայությամբ սույն երիտասարդը հինգ կարեւոր ոլորտի օրենսդրական նախագծերի ճակատագրերն է համակարգելու։ Սարսափում եմ մտքից անգամ, ինչ անտրամաբանական օրենքներ ենք ունենալու։ Ու դատելով «քայլ» բառի նկատմամբ Մխիթար Հայրապետյանի անզուսպ սիրուց, չեմ զարմանա, եթե սույն երիտասարդ երեսփոխանի նախաձեռնությամբ զբոսայգին անվանափոխվի «քայլելու տեղ», աստիճանը՝ «քայլելով բարձրանալ-իջնելու միջոց», վազքը՝ «արագ քայլ», նստարանը՝ «քայլելուց հանգստանալու միջոց» եւ այլն։ Բայց դրանից չեն աճի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու տնտեսությունը։ Կաճի հետհեղափոխական հիասթափությունը։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.12.2018