Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարություն՝ առանց երիտասարդության․ երիտասարդական ոլորտի գյումրեցի փորձագետները բացատրություն են պահանջում. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2018 23:58

Վերջին շրջանում մամուլով ու համացանցով շրջանառվող տեղեկատվությունը որոշ  նախարարությունների լուծարման, գործող 17-ի փոխարեն 12-ը դարձնելու մտադրության մասին առաջացրել է երիտասարդության հարցերով զբաղվող կառույցների, փորձագետների լուրջ անհանգստությունը։ Բանն այն է, որ լուծարվող նախարարությունների թվին է պատկանում նաև սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունը։ Ըստ շրջանառվող տեղեկատվության, ստեղծվելու է մեկ նախարարություն՝ Կրթության և գիտության, մշակույթի ու սպորտի, որի անվանումից  հանվում է «երիտասարդություն» բառը։

Այսօր Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում այս թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ երիտասարդության հարցերով զբաղվողներն իրենց վրդովմունքը հայտնեցին առ այն, որ առանց հասարակական լսումների, ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների կառուցվածքային փոփոխություններ են մշակում՝ անգամ չպատկերացնելով, թե ինչ վնաս կարող են հասցնել ոլորտին։

Ըստ բանախոսների, անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմով, ինչ սկզբունքով ու ինչ մոտեցմամբ են առաջնորդվում։ Ըստ նրանց, խնդրահարույց է երիտասարդության ոլորտը միայն կրթության, մշակույթի կամ այլ ոլորտի ներքո համակարգելը, քանի որ երիտասարդության ոլորտը բազմատարր է, որն անմիջապես կապ ունի և՛ սպորտի, և՛ առողջապահության, և՛ մշակույթի, և՛ մյուս ոլորտների հետ, մի խոսքով, չկա որևէ ոլորտ, որի հետ կապ չունենա։

Նրանք հայտարարեցին, որ իրենք չեն խոսում նախարարության աշխատակից այս կամ այն պարոնին կամ տիկնոջը աշխատանքից հանելու կամ պահելու մասին, այլ խոսքը երիտասարդության պետական քաղաքականություն ունենալու անհրաժեշտության մասին է։ Բացի այդ, ըստ բանախոսների, այս փոփոխության անհրաժեշտության համար հստակ փաստարկներ չեն ներկայացվել, որ նախորդ համակարգից ավելի լավ տարբերակ է առաջարկվում, մինչդեռ Հայաստանի երիտասարդական ոլորտը միջազգային հարթակում միշտ եղել է շահեկան կարգավիճակում․կա ձևավորված արդյունավետ համակարգ, պետական հստակ մոտեցում, ինչով և առանձնացվում ու առաջնահերթություն է տրվում երիտասարդության ոլորտին։

 

Ըստ բանախոսների, եթե այժմ երիտասարդների հետ տարվող աշխատանքներին պետությունն առաջնահերթություն չտա, կարճ ժամանակ անց դաշտում գործող կառույցները կսկսեն ոչ համակարգված աշխատանք իրականացնել ոլորտում, ինչի հետևանքով նոր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, որի շարժիչ ուժը հենց երիտասարդներն են, թուլանալու է։ Իսկ սա, իր հերթին, լուրջ հետևանքների է հանգեցնելու։

«Հասարակության մեջ երիտասարդը պետք է ունենա շատ կարևոր դերակատարում և հստակ մասնակցություն թե՛ քաղաքական որոշումների, թե՛ տնտեսական, սոցիալ-մշակութային հարցերում։ Եվ սա պետք է ապահովվի պետության կողմից հստակ պետական քաղաքականության շրջանակներում։ Մենք խոսում ենք հասարակության կարևորագույն այն շերտի մասին, որն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի պետության կողմից, և որևիցե մի ոլորտի տակ դնելով՝ մենք արդեն նվազեցնում ենք այս ոլորտի կարևորությունը, թուլացնում հասարակության առաջխաղացման հենաշարժիչ ուժը»,- ասում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանը։

Ըստ նրա, այս պահին առաջարկվող փոփոխությունը մշուշոտ է։

«Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, որը միավորվելու է, ձևավորվելու է նոր նախարարություն, որի անվանումն է՝ Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, արդեն իսկ պարզ է, որ երիտասարդություն բառը նախարարության անվանումից դուրս  է եկել։ Սակայն մեր հիմնական  նպատակը ոչ թե բառախաղ խաղալն է, այլ  լուրջ անհանգստություն է առաջացրել, որովհետև տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետությունում սպորտի և երիտասարդության նախարարությունն այդ անվամբ է հանդես եկել, ինչը խոսում է նաև պետության կողմից այդ ոլորտին տրվող առաջնահերթության և կարևորության մասին։ Այսօրվա մեր հանդիպման հիմնական նպատակն  է քննարկումների միջոցով, նաև մեզ հասած տեղեկատվության միջոցով հասկանանք, թե ուր է առհասարակ այս ամենը գնում, ինչո՞ւ  մենք ոչ մի ձևով մասնակցություն չենք ունեցել, և ի՞նչ է լինելու երիտասարդության ոլորտի ապագան։ Այս պահին մեզ համար ոչ միայն մշուշոտ է և ոչ մի պաշտոնական հայտարարության մեջ չի ներկայացվում, թե Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտի համակարգում այս միավորված նախարարություններից որ ոլորտի ներքո է տրվում, եթե տրվում է,  կամ  ինչպիսի գործունեության լիազորություններ է տրվում այդ ոլորտին։

Եթե տեղյակ եք այս պահի դրությամբ Հայաստանում գործող սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ունի երիտասարդության քաղաքականության վարչություն, որն Հայաստանում ամբողջապես համակարգում է երիտասարդության քաղաքականությունը։ Սակայն պարզ չէ, թե Հայաստանը շարունակելու է ունենալ երիտասարդական քաղաքականություն, թե ոչ։

Մենք բացարձակապես խնդիր չենք տեսնում նախարարությունների վերամիավորման հարցում․ հավատալով մեր կառավարությանը՝ մենք ուզում ենք վստահ լինել, որ սա կատարվում է կառավարության աշխատանքի որակը բարձրացնելու և առհասարակ ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Եթե նախարարության անվանումից դուրս է գալիս երիտասարդությունը, ի՞նչ է  սա նշանակում, խոսո՞ւմ ենք այն մասին, որ առաջիկայում  Հայաստանի Հանրապետությունում այլևս երիտասարդությունը որպես առաջնահերթ ոլորտ չի՞ համարվելու, եթե համարվելու է, ապա ինչ ձևով դրա համակարգումը պետք է տեղի ունենա», -ասում է Արթուր Նաջարյանը։

Ըստ բանախոսի, Մոլդովայում և հարևան Վրաստանում նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մոլդովացի ու վրացի գործընկերներից երբևէ դրական արձագանք չեն լսել՝ բացի խնդրահարույց իրավիճակների մատնանշումից։

Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար, երիտասարդական ոլորտի փորձագետ Կարեն Տերտերյանն էլ կարծիք հայտնեց, որ փոփոխությունները պետք է արվեն մասնակցային սկզբունքով և փաստարկված, մինչդեռ իրենք այս պահին չեն տեսնում փաստարկը, թե ինչու է այս ամենը արվում։ Ըստ նրա, նախ և առաջ գնահատված չէ, թե գործող նախարարությունները, բաժիններն արդյունավե՞տ են աշխատել, թե՞ ոչ, եթե արդյունավետ են աշխատել, ինչո՞ւ են փոփոխություններ անում։

Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի անդամ, միջազգային դասավանդող Աննա Եղոյանն էլ ասաց․ «Հեղափոխության մեջ խոսում ենք երիտասարդների դերակատարության մասին, բայց երիտասարդությանը որպես ուժ, որպես առանձին ոլորտ, որպես առանձին միավոր ու որպես պոտենցիալ ունեցող միավոր՝ չեն դիտարկում։ Ես շատ լուրջ զարմանքով եմ նկատել, որ ներկայիս իշխանության մեջ կան անձինք, ովքեր գտնում են, որ Սպորտի և երիտասարդության նախարարությունը տարիքային խմբով սահմանված նախարարություն է և դրա կարիքը չկա, այսինքն՝ երիտասարդական նախարարությանը դիտարկում են որպես տարիքային խմբի նախարարություն։ Այդ դեպքում գուցե պետք է մանկության նախարարություն, ծերության նախարարություն, միջին տարիքի նախարարություն․․․: Այսինքն` այստեղ մտահոգություն կա, որ տարիներ շարունակ արված աշխատանքը, փորձը, նախադեպը չունեցող տարբեր ծրագրեր, որոնք իրականացվել են նաև տարիներ ի վեր, այսօր այդ ամենին լուրջ չեն վերաբերում։

Ոլորտին վերաբերում են որպես տարիքային խմբի նախարարություն, որը ծիծաղելի է։ Այստեղ, իհարկե, մենք կարող են տարբեր տեսակի պատճառներ նշել, թե ինչո՞ւ է այդպես եղել, ինչո՞ւ է ոլորտը արժեզրկվում սիստեմատիկ ձևով, ինչո՞ւ է  վերջին ութ ամիսների ընթացքում ոլորտը գնալով ավելի ու ավելի  արժեզրկվել։ Այն դեպքում, երբ մենք հակառակ պատկերը պետք է տեսնեիք հեղափոխությունից հետո։ Ես գտնում եմ՝ շատ հնարավոր է, որ  ոլորտի գործունեության և նաև նախարարության նախկին ձեռքբերումները, աշխատանքը ճիշտ չի ներկայացվել կառավարությանը և այսօր կառավարությունը տեղյակ չէ՝ ինչ է անում ոլորտը, ինչ ձեռբքերումներ է արձանագրել ոլորտը, բնականաբար իրենք  չեն տեսնում  դրա մեջ շարունակաբար ջանքեր ներդնելու առաջնահերթություն։ Սա միակ դեպքը չէ,  որ առանց մասնակցայնության և առանց ոլորտի հետ քննարկման, առանց գործունեության արդյունավետության գնահատման որոշակի որոշումներ են ընդունում, մենք երկու-երեք ամիս առաջ ականատես ենք եղել սպորտի, երիտասարդության հարցերով նախարարության ներքո գործող «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և դրա ներքո գործող  «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի»՝ գրչի մեկ հարվածով փակվելու պրոցեսին, որի ժամանակ նույնպես չի եղել հանրային քննարկում»․ ։

Վերջինս  նեղվեց, որ ոլորտի շահառուների նկատմամբ չկա թափանցիկ աշխատելաոճ, հետևաբար և անհասկանալի է մնում՝ որո՞նք են իրական դրդապատճառները ոլորտի հետ այսպես անարժան և անազնիվ ձևով վարվելու։ Մինչդեռ, իրենք որպես երիտասարդական ոլորտի մասնագետներ, անընդհատ կրթում են երիտասարդներին, որոնց իրավագիտակցության բարձրացման արդյունքում էլ տեղի ունեցավ հեղափոխությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31