ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ, սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ Նիկոլ Փաշիննյանի ու Իլհամ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունից հետո սահմանին անհամեմատելի խաղաղ է:
«Այդ պայմանավորվածությունից հետո վերջերս անհամեմատելի ձեւով հանգիստ է եղել, բայց Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարող ենք վստահել, որովհետեւ ամենաանհարմար պահին, ամենաանսպասելի պահին ամենանենգ ձեւով կարող է խախտել զինադադարի ռեժիմը ու ոչ կառուցողական քայլերի դիմել: Երբեմն, այդպիսի բաներ լինում են, վերջերս մի որոշ դադարից հետո նորից խախտեց զինադադարի ռեժիմը, բայց սա նորություն չէ, պետք չէ աժիոտաժ դարձնենք այդ ամենը: Երբեմն, հենց այնպես վախից կրակում են կամ ուղղակի լարվածություն ստեղծելու համար, նման դեպքերում բանի տեղ չենք դնում, բայց եթե դիմում են քայլերի, որոնք կարող են ներկայացնել լուրջ սպառնալիք մեր դիրքերին ու մեր տղաներին մենք քայլեր ենք ձեռնարկում»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, ադրբեջանցիները որոշ տեղերում փորձում են առաջ տանել իրենց դիրքերը, որոշ տեղերում տեղաշարժ են կատարում, որոշ տեղերում ձախողում են, բայց. «Կասեցնում ենք, աշխատում ենք թույլ չտալ, որ հակառակորդն իր դիրքերը բարելավվի մեր հաշվին: Տոն օրերին կրկնակի, եռակի զգոնություն է ապահովվում բանակի կողմից, այդ ժամանակահատվածում նրանք սովորաբար ավելի նենգ գործողությունների են դիմում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ