Երեւանում գործող, պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանը հայցադիմումը վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, այն դատարանի վարույթ է ընդունվել: Որպես հայցի ապահովման միջոց հանքային ջրերի գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, նոյեմբերի 1-ին դրամական միջոցների վրա դրված արգելանքը դատարանը վերացրել է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դեկտեմբերի 12-ին վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել կողմերի միջեւ 2018թ. հոկտեմբերի 1-ին կնքված հաշտության համաձայնության հիմքով:
Այդ համաձայնագրով Դիլիջանի հանքային ջրերի գործարանը ընդունել է, որ 2017թ. դեկտեմբերի 27-ի մատակարարման պայմանագրով հանքային ջրերի գործարանը «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ին ունի 12 միլիոն 828 հազար 942 հազար դրամի չափով պարտավորություն: Հաշտության համաձայնագրով կողմերն ընդունել են, որ հաշտության համաձայնագրի կնքման պահին հանքային ջրերի գործարանի ընդհանուր պարտավորությունը «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի հանդեպ կազմում է 14 միլիոն 519 հազար 545 դրամ՝որպես մատակարարման պայմանագրով առաջացած պարտավորության գումար եւ որպես « Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի դատական ծախսերի գումար:
Հանքային ջրերի գործարանը պարտավորվել է մինչեւ հոկտեմբերի 10-ը վճարել այդ գումարը:Դիլիջանի հանքային ջրերի գործարանի արտադրանքը լավ իրացվում է Հայաստանում եւ արտերկրում, գործարանն ինչպե՞ս է հայտնվել ժամկետանց պարտքի տակ:
Ոսկան Սարգսյան