Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան՝ ասելով, որ դա շատ հաճելի կլինի մեզ համար:
Ինչպես տեղեկացրել էինք, Պուտինը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության դինամիկայից գոհ էր: Նա ասաց, որ պետք է այն պահպանել. «Մենք պատրաստ ենք դա անել ու ոչ միայն այդ ոլորտում, նաեւ այլ ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության առումով, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ շրջանակներում»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իհարկե, ՀՀ-ՌԴ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգանում են. «Շատ հաճելի է տեսնել, որ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացել է Հայաստանի նկատմամբ ու ռուսական ԶԼՄ-ներում հրապարակում կա, որ ամանորյա այս սեզոնին Հայաստանը ամենապահանջված ուղղություններից է ռուս զբոսաշրջիկների համար ու նախորդ տարվա համեմատ տուրիստների հոսքը կաճի 70 տոկոսով: Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլ Հայաստանում ռուս տուրիստներին շատ լավ են ընդունում: Դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը, դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական հարաբերություններ են, այլեւ մարդկային, մշակութային: Կարծում եմ, այդ հարաբերությունները կզարգանան»:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ-ից շատ դիտորդներ են եղել ընտրությունների ժամանակ, եւ հույս հայտնեց, որ նոր ԱԺ-ի ձեւավորումից հետո նաեւ միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան ու կխորանան: Փաշինյանն ասաց, որ շատ դրական են տրամադրված հայ-ռուսական եւ տնտեսական համագործակցության զարգացմանը եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ