Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը այսօր ամփոփեց ՀՖՖ վերջին երեք ամիսների գործունեությունը եւ խոսեց ապագա անելիքների մասին:
«Մենք միանգամից աշխատում ենք մի շարք ծրագրերի վրա: Սկսեմ ձեռքբերումից: Դա տեխնիկական տնօրինության կազմի հավաքագրումն էր եւ իսպանացի մասնագետների, առաջին հերթին Խիմես Մենենդեսի հետ պայմանագրերը: Մենենդեսը Հայաստան ժամանելու է արդեն հունվար ամսին եւ իր երկու մարզիչների հետ բնակություն է հաստատելու Հայաստանում:
Մարզիչներից մեկը պատասխանատու է լինելու մարզչական կրթության դասընթացների համար, մյուսը՝ մանկապատանեկան թիմերի հետ աշխատանքների: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում պարոն Մենենդեսի հետ: Նրա առաջարկած ծրագրերը բավական լայնածավալ են, եւ պահանջում են նաեւ մեր կողմից մարդկային ռեսուրսներ եւ լայնածավալ աշխատանք: Սկսելու ենք վերակազմակերպել մեր մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերը, մարզչական դասընթացների նոր մոտեցումներ են մշակվելու: Պարոն Մենենդեսն աշխատելու է նաեւ բոլոր հավաքականների հետ՝ սկսած 14-ից մինչեւ 21 տարեկաններ եւ ձեւավորելու է ընդհանուր մարզչական շտաբ: Այդ մոդելը կիրառվում է Իսպանիայում»-տեղեկացրեց Արմեն Մելիքբեկյանը:
https://www.youtube.com/watch?v=vAyU2rTwhZc
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ